Site icon CIVILNET

Պուտինը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները

Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվեցին ուղերձից հետո։

Իր ելույթում Ռուսաստանի ղեկավարը բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց Արևմուտքի և Ուկրաինայի հասցեին՝ նշելով, որ վերջինս «երբեք չի ունեցել իրական պետականություն»։ Կիևը, ըստ Պուտինի, Ռուսաստանի հետ երկխոսությունն օգտագործել է «Արևմուտքի հետ սակարկություն անելու համար»։

Նա մատնանշեց Ուկրաինայի կողմից միջուկային զենք ստեղծելու հավանականությունը՝ շեշտելով, որ դա բավական հեշտ կլինի Կիևի համար արտերկրից ստացվող տեխնոլոգիական աջակցության շնորհիվ։ Պուտինի կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը կարող է ուղիղ իրականացվել ՆԱՏՕ-ի շտաբերից, և դա «սպառնալիք է Ռուսաստանի համար»։

***

Փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ, որի ժամանակ ելույթ են ունեցել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և այլք։ Հանդիպման ավարտին նախագահն ասել է, որ այսօր՝ փետրվարի 21-ին, կորոշի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը:

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է․ Լուգանսկի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից գնդակոծությունների մասին։ Հայտարարվել է քաղաքացիների ժամանակավոր տարհանում Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել։

Exit mobile version