Site icon CIVILNET

Ընդդիմությունը փակեց Ֆրանսիայի հրապարակը, սկսում է անհնազանդության գործողություններ

may 1 rally

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացավ ընդդիմության բազմամարդ հանրահավաքը, որին մասնակցում էին խորհրդարանի ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն իրենց պայքարը կոչել են «Դիմադրության շարժում»։

Հանրահավաքը բացեց «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ «Մայիսի 1-ը այլևս մեր միասնականության օրն է, վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է»։ «Ինչ պետք է անենք,- հարցադրում արեց Սաղաթելյանը և ասաց։- կապիտուլյանտին պետք է ենթարկենք կապիտուլյացիայի։ Սա է մեր առջև դրված խնդիրը»։

Ընդդիմադիրները քայլերթով Երևան էին շարժվել Հայաստանի չորս ուղղություններից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Ապարանից։

«Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը, որը քայլելով եկել էր Իջևանից, հայտարարեց՝ «Չկա Արցախ առանց Հայաստան և չկա Հայաստան՝ առանց Արցախ»։

Ասպրամ Կրպեյանը՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը։

Հավաքավծները վանկարկում էին՝ «Արցա՛խ, Արցա՛խ», հնչում էր «Զարթնի՛ր, Լաո» երգը։ Գլխավոր ամբիոնի ետնապաստառին գրված էր՝ «Զարթնի՛ր, որ հայ մնաս»։ Ցուցարարները նաև վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։

«Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ այսօրվա հանրահավաքը խաղաղության համար է․ «Նիկոլ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն պատերազմ ու մահեր։ Մեր օրակարգը մեկն է, որ լինի իրական խաղաղություն»։

Ելույթ ունեցավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։ Իսկ խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ապրիլի 18-ից Ազատության հրապարակում բողոքի ցույց էր սկսել, իր ելույթում ասաց, թե «այս պայքարը ավարտվելու է շատ շուտ, այս պայքարը չի ավարտվելու, մինչև մենք չհասնենք մեր նպատակին»։

«Երբ երկրի վարչապետի աթոռը բախտի բերմամբ, թե պատահմամբ զբաղեցնող անձը Ազգային ժողովում ասեց, որ Արցախի կարգավիճակի շեմը պետք է իջեցնենք, իսկ ամենակարևորը, երբ ասեց, որ ունենալու էինք նույն իրավիճակը, բացառությամբ զոհերի, ես հասկացա, որ մենք այլևս իրավունք չունենք նստել տանը, մենք պետք է դուրս գանք և վերջ տանք այս ամենին»։ Վանեցյանն ասաց՝ այստեղ չկան կուսակցական դրշոներ, չկան ընդգծված առաջնորդներ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Նիկոլը չունի մանդատ երկիրը զիջումների տանելու։ Առաջիկա օրերին մենք պետք է ցույց տանք, որ այս մարդը չունի նաև իշխանություն։- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և դիմեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին։- Դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեր մեծամասնությունը իրականում կապ չունի կամ անմիջական առնչություն չունի այս բոլոր հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս ձեր սխալը ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու։ Հասկացե՛ք, գիտակցե՛ք և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որոշում կայացրե՛ք»։

Սաղաթելյանը դիմեց նաև ուժայիններին․ «Հանուն ձեր ուսադիրների, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողվորդի անվտանգության և մեր երկրի վաղվա օրվա ու ապագայի՝ գործե՛ք միայն օրենքի և ձեր լիազորությունների սահմաններում։ Չկատարե՛ք այդ խելագարի հրահանգները և ապօրինի որոշումները։ Մենք հայտարարել ենք՝ մեր պայքարը լինելու է բացառապես խաղաղ միջոցներով, բայց միաժամանակ ասում ենք՝ լինելու ենք վճռական և գնալու ենք մինչև վերջ։ Երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում»։

«Եթե առաջիկա օրերին մեր թիվը ավելացնենք, կապիտուլյանտին կենթարկենք կապիտուլյացիայի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը և ներկայացրեց իրենց անելիքները․

«Մնում ենք մինչև վերջ։ Այս պահից սկսած՝ այս հրապարակը ժողովրդինն է։ Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում։ Կտեղադրենք վրաններ և համապատասխան միջոցներ, որ գիշերը կարողանանք անցկացնել։ Վաղը առավոտ ժամը 8։30-ից սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ։ Կենտրոն համայնքում որևէ մեքենայի շարժ չպետք է լինի»։

Սաղաթելյանը ուսանողներին կոչ արեց սկսել դասադուլ։ Հավաքվածներին հորդորեց այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի չբռնվել, «նրանք մեր հայրենակիցներն են, քույրերն ու եղբայրները»։

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք անկարգություններ չենք անելու։ Պինդ, վճռական, մինչև վերջ և կազմակերպված գնալու ենք առաջ։ Վաղը առավոտից՝ դասադուլ և անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում իշխանությունը այս հրապարակն է և ժողովուրդը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ հանրահավաքը կշարունակեն ժամը 18։45-ից և կոչ արեց քաղաքացիներին, ովքեր չեն գիշերելու հրապարակում, առավոտյան 8։30 գալ Ֆրանսիայի հրապարակ։

Այսօրվա քայլերթի մասնակիցների շարքում տարածվեցին նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները։ Հանրահավաքին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության լուսանկար չի հրապարակվել։

***

Հանրահավաքի նախօրեին հայտարարություն էր տարածել ԱԱԾ-ն՝ տեղեկացնելով, թե «ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար»։

Ոստիկանությունը ևս հայտարարություն էր տարածել՝ հիշեցնելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մասին, ըստ որի՝ «հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ»։

Հանրահավաքի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։

Լուսանկարներ հանրահավաքից՝

Exit mobile version