Site icon CIVILNET

Ալավերդում կինը ընկել է գնացքի տակ, մահացել

ալավերդի գնացք դժբախտ պատահար

Մայիսի 4-ին կեսօրին մոտ Ալավերդում քաղաքացին ընկել է գնացքի տակ, մահացել։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցին հարող՝ Հայպետշին թաղամասի գծանցում։ Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրի 33-ամյա բնակչուհի Նելլի Սամվելի Գալստյանն ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։

Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջինյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ կատարվածը դժբախտ պատահար է: Թեև Ալավերդու համայնքապետարանը դեպքի վայրում գծանցը պատնեշող պատ է դրել, սակայն գծանցը հատելու վտանգները ամբողջությամբ վերացված չեն: «Գնացքի մեքենավարը ադեկվատ վիճակում է եղել: Դեպքից առաջ տուժողը հայտնվել է մեքենավարի տեսադաշտում: Վերջինս այլ ելք չունենալով՝ գնացքի նախազգուշական շչակը միացրել է, որից Նելլին խառնվել և հայտնվել է փակուղու մեջ»,- հայտնեց ոստիկանապետ Գուրջինյանը:

Ոստիկանապետի հաղորդմամբ՝ պատահարի նախաքննությունը գտնվում է Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի վարույթում: Ալավերդու համայնքապետարանի և գնացքը շահագործող «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից գծանցով երևթեկելը արգելված լինելու մասին նշաններ չկան տեղադրված, թեև երկաթգծի վրա կառուցված է հետիոտնի անվտանգ երթևեկության կամուրջ:

Ալավերդու կենտրոնով անցնող երկաթգծով երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության սպառնալիքները չեն հայտնվում Լոռու մարզի դատախազի ուշադրության կենտրոնում: Իսկ ծանր հետևանքերով պատահարները «Հայպետշին» թաղամասի գծանցում շարունակում են մնալ անխուսափելի:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Exit mobile version