Site icon CIVILNET

«Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով

13:10

«Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, հաղորդում է քննչական կոմիտեն։

«Պարզվում են «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները։ Նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում։

***

13:00

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Յունիբանկի» Աշտարակ քաղաքի մասնաճյուղում պայթյունի հետևանքով տուժել է 6 քաղաքացի։

«Չորսը հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի: Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»,- տեղեկացնում են նախարարությունից։

***

«Յունիբանկի» Աշտարակ քաղաքի մասնաճյուղում պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, հինգը՝ տուժել, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Յունիբանկ» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ այժմ «տեղում աշխատում են համապատասխան մասնագետները»։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,- ասված է հայտարարությունում։

Exit mobile version