Site icon CIVILNET

Իրանն իրականում տուրքերը բարձրացրել է հայկական բեռնատարների համար. պաշտոնյաները սխալ էին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Մայիսին տեղեկություն էր տարածվել, որ Իրանը մայիսի 21-ից երկիր մուտք գործող հայկական բոլոր տեսակի պետհամարանիշերով մեքենաներից գանձելու է 120 դոլար։ Տեղեկության սկզնաղբյուրը «Դիմադրություն» շարժման անդամ, քաղաքագետ Ռոբերտ Մակարյանն էր։

Տեղեկությունը վերատպել էին lragir.am, news.am, yerevan.today, politik.am, panorama.am, lurer.com, lragir.am, 24news.am, news.5tv.am և այլ լրատվականներ։

Նույն օրը Հանրայինի հետ զրույցում ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտնեց, որ հայկական ավտոմեքենաներից 120 դոլար գանձելու մասին պաշտոնական տեղեկություն չկա։

https://youtu.be/Jc3IqU8QCgs?t=193

Տարածված տեղեկությունը հերքեց նաև Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։ Ըստ նրա՝ տեղի է ունեցել հակառակը՝ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նվազեցնել մուտքի տուրքերը։

«Տուրքերը հիմա էլ են գանձվում։ Իմ տեղեկություններով՝ հայկական մեքենաները վճարում են մոտ 240 դոլար, իրանական ավտոմեքենաները նույնպես վճարում են Հայաստանի սահմանը հատելիս»,- հայտնել էր Կոստանյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանն էլ մայիսի 25-ի Ազգային ժողովում հայտարարել էր, որ Իրանը հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի փոփոխություն չի իրականացրել։

«Իրանական կողմը կիրառում է [բեռնատարների համար – խմբ.] 240 դոլար տուրք։ Հիմա իրենք առաջարկում են այդ 240-ը դարձնել 120 դոլար, բայց պայմանով, որ այսօր գոյություն ունեցող չեզոք գոտում երկու բեռնատարներից իրար բեռներ փոխանցելը, բարձելը դադարեցվի և հայկական բեռնատարներն անցնեն իրանական տարածք, գնան գործարաններ կամ պահեստավորման կետեր, որտեղից բարձեն»,- ասաց Սանոսյանը։

https://www.youtube.com/watch?v=gT9iAzKBJHE

#CivilNetCheck-ը փորձել էր դեռ մայիսին տեղեկությունը ճշտել մի քանի գերատեսչություններից, սակայն և ոչ մեկից հստակ պարզաբանում չէր ստացել։ Պետական եկամուտների կոմիտեն, ՏԿԵՆ-ը և Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էին, թե տեղյակ չեն նման փոփոխության մասին։

«Նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում։ Գրություն է ուղարկվել իրանական կողմին՝ պաշտոնական պարզաբանումներ ստանալու համար»,- հայտնել էին ՏԿԵ նախարարությունից։

ՏԿԵՆ-ը, այնուամենայնիվ, հաստատում է լուրը՝ հերքելով նախարարին

Երկու ամիս անց արդեն ՏԿԵ նախարարությունից #CivilNetCheck-ի նոր հարցմանը ի պատասխան հայտնում են, որ այժմ հայկական բեռնատարները վճարում են լրացուցիչ 120 դոլար տուրք։ Իրանի սահմանած նոր տուրքը մարդատար ավտոմոբիլներին չի վերաբերում, ինչպես ի սկզբանե գրել էին լրատվամիջոցները։

ՏԿԵՆ-ի պաշտոնական պատասխանը. 13.07.2022

Նախարարության մամուլի բաժնից պարզաբանեցին, որ եթե այսուհետ հայկական բեռնատարը անցնի սահմանից 1 կմ՝ տարանցիկ բեռնափոխադրման համար, արդեն վճարելու է 340 դոլար՝ 220 դոլար տարանցման և 120 դոլար մուտքի տուրք։

«Նախկինում մինչև Նորդուզ կայարան գնում էին առանց որևէ տուրքի, դրանից հետո եթե շարժվում էին, արդեն 220 դոլար վճարում էին։ Հիմա Նորդուզ հասնելու համար պարսկական կողմը 120 դոլար է ավելացրել»,- հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ հայկական բեռնատարների միայն փոքր հատվածն է Իրանի տարածքով տարանցիկ կամ մինչև երկրի խորք բեռնափոխադրումներ կատարում։

Ինչ տուրքեր է կիրառում հայկական կողմը

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխանի՝ Իրանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի սահմանը հատելիս վճարում են բնապահպանական, ճանապարհային հարկեր և պետական տուրք։

Բնապահպանական հարկը մարդատար մեքենաների համար կազմում է 7 500 – 20 000 դրամ, բեռնատարների համար՝ 10 000 – 30 000 դրամ, պետական տուրքը մաքսային ծառայությունների համար՝ 8 000 դրամ։ Ամենախոշոր՝ ճանապարհային հարկը կախված է բեռնատարի քաշից։


Ճանապարհային հարկի չափերը. Հարկային օրենսգրքի 188-րդ հոդված

Մինչդեռ մինչև 2021-ի մայիսի 16-ը Իրանում գրանցված բեռնատարները Հայաստան մուտք գործելիս ազատված են եղել ճանապարհային հարկից, եթե հայ-իրանական սահմանից չեն անցել ավելի քան մեկ կմ։ Բեռնաթափում էր կատարվում Մեղրիում, և ճանապարհային հարկը չէր վճարվում։ Սակայն կառավարության 2021-ի ապրիլի 28-ի որոշմամբ՝ այդ արտոնությունը վերացվել է։

Այսպիսով, հակառակ նախարար Գնել Սանոսյանի և Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանի պնդումների՝ հայկական բեռնատարներից գանձվող տուրքերը ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են՝ գանձվելու է լրացուցիչ 120 դոլար։ Մյուս կողմից, լրատվականների տարածած պնդումը, թե լրացուցիչ գումար գանձնվելու է ցանկացած ավտոմեքենայից, սխալ է․ տուրքերը տարածվում են միայն բեռնատարների վրա։

Exit mobile version