Site icon CIVILNET

LIVE BLOG. Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է դիրքային կորուստների մասին լուրերը, իրավիճակը կայուն է

Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի սահմանագծում Ադրբեջանը խախտել է զինադադարը սահմանագոտու մի շարք հատվածներում։

00։20

Արցախի ՊԲ-ն հաղորդում է ՊԲ զինծառայողի վիրավորվելու մասին։

«Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար»,- հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

22:10

Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները։ Ըստ շտաբի՝ ժամը 22։00-ի դրությամբ իրավիճակը հարաբերական կայուն է։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ։

Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։

ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր հայրենակիցներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»,- նշված է հայտարարությունում։

21։46

Արցախի ՊԲ մամուլի հաղորդագրությունը

«Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»։

21։07

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե անհանգստանալու կարիք չկա․

«Խոսելով #Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ Միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել»։

20:15

Արցախի ՊԲ-ն հաղորդում է․

«Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան:Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանըԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»։

20:00

Արցախի նախագահը հրավիրել է խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Հաղորդագրությունում, սակայն, ուղղակի չի նշվում սահմանային լարվածության և միջադեպերի մասին։
«Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»,- նշվում է Արցախի նախագահականի հաղորդագրությունում։

Exit mobile version