Site icon CIVILNET

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով ՝ անվտանգության խորհրդի անդամները ընդգծել են եռակողմ համաձայնության բոլոր դրույթների պահպանման անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ․ «Իսկապես, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար, մտահոգված ենք իրավիճակի սրման կապակցությամբ։ Կողմերին զսպվածության կոչ ենք անում»,- ասել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր», Ռուսաստանի նախագահի խոսնակը նշել էր․ «Եթե հարցեր կան, ապա, անշուշտ, դրանց պետք է պատասխանել։ Միևնույն ժամանակ, տարբեր մակարդակներում սերտ շփումները, որոնք մենք ունենք հայկական կողմի հետ, մեզ թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք առկա են»։

***

Oգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Այսօր՝ օգոստոսի 4-ին, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Exit mobile version