Site icon CIVILNET

«Վեոլիա Ջուրը» խմելու ջրի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել

«Վեոլիա Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 1 խմ-ի համար 9 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։ Ընկերությունն առաջարկում է խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

Ջրի թանկացման առաջարկությունը «Վեոլիա Ջուր»-ը հիմնավորել է այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված 8,3 տոկոս սղաճով։

Ազիզյանի խոսքով՝ Հանձնաժողովը 80 օր ժամանակ ունի հայտն ուսումնասիրելու համար․ «Հանձնաժողովը դեռ կուսումնասիրի «Վեոլիա Ջուր» ընկերության՝ սակագնի հետ կապված առաջարկությունը, որից հետո որոշում կկայացվի»,- ասաց նա։

Ջրի սակագինը բարձրացվել էր նաև նախորդ տարի։ 2022-ի հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց բնակիչները վճարում են 200 դրամ՝ նախկին 180 դրամի փոխարեն։ Սոցիալապես անապահովների համար ջրի գինը մնացել է անփոփոխ։

Exit mobile version