Site icon CIVILNET

Ադրբեջանն առաջիկա շաբաթներին սպասում է Զանգեզուրի միջանցքի երթուղուն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Երևանից առաջիկա շաբաթներին սպասում է Զանգեզուրի միջանցքի երթուղին։

«Պատերազմի ավարտից անմիջապես հետո ես սկսեցի խոսել խաղաղության մասին։ Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ։ Մինչ այժմ դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ՝ կստանանք։ Պետք է ստեղծել սահմանազատման հանձնաժողով։ Դեմ էին, բայց ի վերջո համաձայնեցին։ Հարկավոր է Զանգեզուրի միջանցք, բայց նրանք դեմ էին նաև դրան։ Այժմ առաջիկա շաբաթներին նրանցից սպասում ենք Զանգեզուրի միջանցքի երթուղուն։ Ղարաբաղում ապրող հայերն էլ տեսան, որ Ադրբեջանն իրենց միայն լավը կարող է տալ»,- ասել է Ալիևը Ադրբեջանի պետական ​​AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Interfax.az-ը։

Ալիևը հավելել է, թե Ադրբեջանը միշտ հասնում է իր նպատակին․ «Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն և բարգավաճում, պատերազմներ չլինեն: Մենք ցանկանում ենք Ադրբեջանի հաջող զարգացում, լավ կյանք և բարգավաճում մեր ժողովրդի համար»։

Ալիևը հայտարարել է, որ երբեք թույլ չի տվել, որ ղարաբաղյան թեման ներառվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացներում։ «Այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում ղարաբաղյան թեմա չկա, նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնել դրան, դա Հայաստանին չի վերաբերում։ Դա մեր ներքին գործն է, այսօր բանակցային սեղանի շուրջ ընդհանրապես որևէ կարգավիճակի մասին խոսք չկա»,- ասել է նա։

«Եթե հայերը կարծում են, որ մեկ կամ մեկուկես տարի հետո ինչ-որ բան կփոխվի իրենց օգտին, ապա նրանք սխալվում են: Ինչ-որ բան կարող է փոխվել, բայց հօգուտ մեզ․ աշխարհաքաղաքական գործընթացները տեղի են ունենում բոլորիս աչքի առաջ»։

«Ղարաբաղում ապրող հայերը պետք է ճիշտ քայլ կատարեն։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց։ Այլ տարբերակ չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ Ղարաբաղի հայերը հատուկ արտոնություններ չեն ունենա։

«Եթե Ղարաբաղում ինչ-որ մեկը, հանուն պոպուլիզմի, թե վախից, խոսում է ինչ-որ կարգավիճակի կամ անկախության մասին, ապա իմացե՛ք, որ այդ մարդիկ հայ ժողովրդի հիմնական թշնամիներն են։ Ղարաբաղը չի ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ: Նրանք կլինեն նույն Ադրբեջանի քաղաքացիները: Նրանց իրավունքները պաշտպանվելու են այնպես, ինչպես Ադրբեջանի քաղաքացիների, Ադրբեջանի տարածքում ապրող ժողովուրդների իրավունքները: Դա է միակ ճանապարհը»,- ասել է Ալիևը։

Exit mobile version