Site icon CIVILNET

Վրաստան․ Բորժոմիում պայքարում են անտառային հրդեհի դեմ

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը պայքարում է չեզոքացնելու անտառային հրդեհը, որը վերջին չորս օրում ոչնչացրել է Բորժոմի համայնքի մեծ տարածքներ: Տուժածների մասին չի հաղորդվում։

Հրդեհը սկսվել է Բորժոմի քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք՝ Կվաբիսխևի գյուղի մոտ, և ուրբաթ օրվանից սկսել է տարածվել անտառային դժվարամատչելի վայրերում:

Մոտակա Դվիրիի գյուղապետի ներկայացուցիչ Գուրամ Մաիսուրաձեն TV Borjomi-ին ասել է, որ «հրդեհը հավանաբար բռնկվել է կայծակի հարվածից»։

Արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մեկուսացման աշխատանքները դժվարացել են ինչպես խորդուբորդ տեղանքի, այնպես էլ ուժեղ քամու պատճառով:

Հրդեհը մարելու համար գործի են դրվել արտակարգ իրավիճակների տեղական և հանրապետական ծառայությունները՝ 300 հրշեջ, Հատուկ առաջադրանքների վարչության 300 աշխատակից, սահմանային ոստիկանության չորս ուղղաթիռ և մշտադիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարքեր, որոնք աշխատում են կրակի տարածումը զսպելու համար։ Դգվարի գյուղի մոտակայքում ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ:

Երկուշաբթի Բորժոմի համայնքում արդեն իսկ աշխատանքներ իրականացնող հակահրդեհային ստորաբաժանումներին միացել են բանակի զինվորականները:

Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ կիրակի մոտ էին կրակը զսպելուն, սակայն բարձր ջերմաստիճանը և քամին պատճառ են դարձել, որ այն վերսկսվի երկուշաբթի: Երկուշաբթի առավոտյան Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարել է, որ դեպի բնակեցված տարածքներ հրդեհի տարածման վտանգը «չեզոքացվել է»։

Ներկայում հրդեհից վնասված տարածքի չափը չի հրապարակվում։ Այնուամենայնիվ, NASA-ի արբանյակային տվյալները ցույց են տալիս, որ տուժած կարող է լինել մինչև 400 հա (4 քկմ) տարածք:

Բորժոմիում վերջին տարիներին մի քանի խոշոր անտառային հրդեհներ են եղել:

2017-ի օգոստոսին Բորժոմիում չորս օրվա ընթացքում հրդեհը ոչնչացրեց ավելի քան 943 հեկտար (9,4 քկմ) տարածք: Բացի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունից՝ հարևան երկրները տեխնիկա և հրշեջներ էին ուղարկել աջակցելու հրդեհաշիջման աշխատանքներին:

Exit mobile version