Site icon CIVILNET

Կյանքը երկրաշարժից հետո. մի դերձակի պատմություն Գյումրիում

Նելլի Պետրոսյան, OC Media

1988-ի երկրաշարժը ավերեց Հայաստանի հյուսիսի մեծ ու փոքր քաղաքները, զոհվեց առնվազն 25 000 մարդ: Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ապրող Հայկուհի Գալստյանն ու նրա ամուսինը 30 տարի անց դեռ զգում են ողբերգության հետևանքները։

Հայկուհի Գալստյանը ավելի քան դիմացկուն է և լի էներգիայով, ինչն անսովոր է նրա տարիքի համար։ Իր փոքրիկ տանը, որտեղ ապրում է ամուսնու՝ Վոլոդյա Սարգսյանի հետ, 63-ամյա այս կինն ունի դերձակի արհեստանոց, որտեղ եռուզեռն անպակաս է։

Կենսուրախ և աշխատասեր Գալստյանը որևէ կերպ զգացնել չի տալիս, որ կյանքի մեծ մասն անցկացրել է անխոնջ աշխատելով, որպեսզի հոգ տանի իր և ամուսնու մասին, քանի որ քաղաքը, ուր նա մեծացել էր, քարուքանդ եղավ. այն վնասվեց նախ՝ տարերային աղետից, իսկ հետո՝ դեգրադացիայի ու աղքատության հետևանքով։

Գյումրիում ծնված և մեծացած Գալստյանը աշխատանքի է անցել 1975-ից։

«Դպրոցն ավարտելուց հետո ինձ չհաջողվեց համալսարան ընդունվել։ Հայրս որոշեց ինձ տանել դերձակի արհեստանոց՝ որպես աշակերտ, և հենց այդպես էլ սկսվեց իմ ճանապարհորդությունը»։

Կարի մեքենայի սեղանն ու գործիքները հազիվ են տեղավորվում Գալստյանի տանը։ Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media։

Այդ ժամանակ Գյումրին արդյունաբերական խոշոր կենտրոն էր՝ հայտնի դերձակների մեծ թվով արհեստանոցների կամ «ատելյեների» առկայությամբ:

Գալստյանի բախտը բերել է. նա 18 տարի աշխատել է այն արհեստանոցում, որտեղ նրան տարել էր հայրը։

Շատ ուրիշներ այդքան էլ բախտավոր չէին: Նրա աշխատանքի անցնելուց մեկ տասնամյակ անց երկրաշարժը ավերեց հյուսիսային Հայաստանը՝ սպանելով 25 000-ից մինչև 50 000 մարդու, հողին հավասարեցնելով Սպիտակ քաղաքը և ավերելով Գյումրու շատ արհեստանոցներ: Գալստյանի աշխատավայրն այն քչերից էր, որին հաջողվեց գոյատևել. նա արհեստանոցից հեռացավ միայն 1993թ․՝ ամուսնանալուց մեկ տարի անց։

Իր կարի մեքենան Հայկուհին հորից նվեր է ստացել 1980 թ․։ Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media։

Գտնել տուն

Երկրաշարժը Հայկուհուն և նրան ընտանիքին նույնպես վնաս է պատճառել։

Աղետի հետևանքով փլուզվել է նաև Վոլոդյայի տունը։ Դրանից հետո զույգն ապրել է մի փոքրիկ տարածքում, որը ժամանակին խոհանոց է եղել՝ իրենց տան այն սակավաթիվ մասերից մեկը, որը չի փլվել, քանի որ տնից մի փոքր հեռու է:

Գյումրու կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցու տաճարի ետևում, խոհանոցից տան վերածված նրանց այս կացարանը ընդամենը 35 քառակուսի մետր է:

Հազիվ երկու մարդու համար բավարարող նրանց հիմնական բնակելի տարածքում, որը գործում է նաև որպես Գալստյանի արհեստանոց, կա մեկ մահճակալ, մի քանի աթոռ, փոքրիկ սեղան, հեռուստացույց և սառնարան, որոնք իրար կիպ կպած են տեղադրված, որպեսզի օգտագործվի հասանելի ողջ տարածքը: Հայկուհու կարի մեքենան հպարտանում է իր դիրքով․ այն տեղադրված է պատուհանի տակ՝ արևի լույսն ամբողջությամբ օգտագործելու համար։

Իրար սեղմված՝ լոգարանն ու խոհանոցը զբաղեցնում են մնացած տարածքը։ Լոգարանում կա մի խարխուլ ցնցուղ, իսկ զուգարանը խցկված է վարագույրի հետևում։ Փոքրիկ լվացարանն ու քանդվող դարակն էլ ծառայում են որպես խոհանոց:

Առողջական խնդիրների պատճառով Վոլոդյան չի կարողանում աշխատել։ Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media։


Թեև վերջին 30 տարիներին այս շենքը նրանց համար ծառայել է որպես տուն, այն շարունակում է ապրելու համար վտանգավոր վայր լինել:

Նրանց փոքրիկ տունը գետակին շատ մոտ է և մշտական վտանգ կա, որ հետագայում սեյսմիկ ակտիվության հետևանքով Հայկուհին և Վոլոդյան կարող են կորցնել այն ամենը, ինչ մնացել է նախկին տնից: Վտանգը շատ իրական է՝ 1999 թ․ փլուզվել է նրանց հարևանի ավտոտնակը: Թեև ոչ ոք չի տուժել, կառույցը քանդվել է, և նրանց մեքենան հայտնվել է գետում:

«Երկրաշարժից հետո այս տունն ապրելու համար հարմար չէր … Կամաց-կամաց այս շենքը դարձրինք տուն,- ասում է Գալստյանը,- Մենք մարդիկ ենք, որոնք կորցրել են ամեն ինչ. եթե մեր տունը փլվի, էլ ի՞նչ կմնա մեզ»։

Դանդաղ վերականգնում

Այսպիսի պայմանները Գյումրիում հազվադեպ չեն։ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական տվյալները վկայում են, որ ներկայումս մարզում կա 2756 ժամանակավոր կացարան, որոնց մեծ մասը բնակեցված են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանցով:

Աղետից անմիջապես հետո մարդասիրական արագ արձագանքման շրջանակում գերմանական և իտալական հասարակական կազմակերպությունները վթարային բնակարաններ կառուցեցին: Դրանք նախատեսված էին մարդկանց առավելագույնը հինգ տարի ժամկետով բնակեցնելու համար, սակայն 30 տարի անց շատերը շարունակում են զբաղեցնել այս ժամանակավոր կացարանները` մասնակի նորոգելով թույլ կառույցները, որոնք գնալով ապրելու համար ավելի անպիտան են դառնում:

Ամուսինները նախկին խոհանոցը վերածել են բնակելի տան։ Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media։

Թեև 1988-ի երկրաշարժից հետո միջազգային դոնորները հսկայական օգնություն տրամադրեցին, նաև վնասված բնակավայրերը վերակառուցելու համար պետական ծրագրեր սկսվեցին, 1991 թ․ Խորհրդային Միության փլուզումը խաթարեց այս աշխատանքների մեծ մասը:

Դրվեցին հիմքերը նոր տների, որոնք պետք է հատկացվեին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած հազարավոր քաղաքացիների, սակայն այդ ժամանակաշրջանի սոցիալական և քաղաքական ցնցումների պայմաններում այդ շենքերը չկառուցվեցին:

2008-ին այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ մինչև 2012 թ․ ամբողջությամբ վերակառուցել տարածաշրջանը և վերաբնակեցնել անօթևաններին, սակայն դրանից տասը տարի անց էլ այդ խոստումը մնում է անկատար:

Աննախադեպ տարերային աղետից ցնցված՝ մարզի տնտեսությունը տուժեց։ Գյումրին և Շիրակի մարզը, որոնք նախկինում աշխույժ արդյունաբերական կենտրոն էին, հայտնվեցին աղքատության ճիրաններում։ 1988-ից ի վեր մարզը մշտապես եղել է Հայաստանի ամենաաղքատներից մեկը․ ըստ պետական վիճակագրական ծառայության տվյալների՝ 2020 թ․ բնակչության ավելի քան 45%-ն ապրում է աղքատության մեջ։ Քաղաքի բնակչությունը գրեթե կիսով չափ նվազել է, քանի որ մարդիկ արտագաղթել են աշխատանք և ավելի լավ կյանք փնտրելու համար:

Ծայրը ծայրին հասցնելով

Մնացողների համար հնարավորությունները սուղ են: Թեև Գյումրիում նոր կացարաններ կան, վարձավճարները շատ թանկ են նրանց համար, ովքեր, անապահով պայմաններում ապրելով, հազիվ են ծայր ծայրին հասցնում։

Դա, անշուշտ, վերաբերում է հենց Գալստյանին, որն իր աշխատանքով է պահում իրեն և ամուսնուն։ Վոլոդյան նախկինում դերձակ է եղել, բայց 1974 թ․ դադարել է աշխատել և այդ ժամանակվանից միայն երբեմն-երբեմն ոչ մշտական աշխատանքներ է կատարել: Առողջական խնդիրների պատճառով նա այժմ ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը։

Այս տանը Հայկուհին և Վոլոդյան ապրում են ավելի քան 30 տարի։ Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media։


Բայց եթե աշխատանքը երբևէ բացասաբար է ազդում Գալստյանի վրա, նա ցույց չի տալիս դա։

«Ես սովոր եմ ինքնուրույն աշխատելուն,- ասում է Գալստյանը,- Եվ երբեք չեմ հոգնում կարելուց։ Եղել են դեպքեր, երբ աշխատել եմ մինչև գիշերվա ժամը երկուսը կամ երեքը և երբեք ուժասպառ չեմ զգացել»:

Նա ասում է, որ ունի հավատարիմ հաճախորդների հսկայական բազա, որոնցից ոմանք իր հաճախորդներն են եղել երկրաշարժից առաջ: Ոմանք ապրում են Գյումրիից դուրս, մյուսները՝ երկրից դուրս, սակայն Հայկուհին գրեթե ամեն օր հաճախորդներ ունի։

Թեև նախկինում նա ամբողջական հագուստ էր կարում, այս օրերին հիմնականում վերանորոգման աշխատանքների պատվերներ ունի, որոնց շնորհիվ Վոլոդյայի հետ գոյություն են պահպանում։ Ամուսինները ֆինանսական աջակցություն չեն ստանում ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ հասարակական կազմակերպություններից:

Նրանք ասում են, որ մի քանի անգամ Գյումրու քաղաքապետարանից իրենց աջակցություն են առաջարկել, սակայն իրենք մերժել են՝ պատճառաբանելով, որ ուրիշները կարող են դրա կարիքն ավելի շատ ունենալ։

Ապագայի հույս

Թեև երկրաշարժից հետո Գյումրու վերականգնման աշխատանքները դանդաղ են ընթանում, դրանք դեռ շարունակվում են։

Կառավարության աջակցության ծրագիրը, որը տևել է 1989-ից մինչև 2021 թ․, այդ ժամանակաշրջանում 5419 ընտանիքի նոր տներով է ապահովել:

Այդ ծրագրի ավարտից հետո Հայաստանի կառավարությունը նոր ծրագիր է մշակում օգնության կարիք ունեցողների համար, որը նախատեսվում է սկսել 2023 թ․։

Տեղական մակարդակում Գյումրու քաղաքապետարանն աշխատում է մի շարք ՀԿ-ների հետ՝ անօթևան բնակիչներին բնակարաններով ապահովելու համար: 2017-2020 թթ․ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ կառուցվել է 41 բնակարան: Հայկական մեկ այլ ՀԿ-ի՝ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ առաջիկայում 10 բնակարան կտրամադրվի գյումրեցի անօթևաններին։

Յուրաքանչյուր գույնի թել պատրաստ է օգտագործման համար: Լուսանկարը՝ Նելլի Պետրոսյանի/OC Media։


Բայց Գալստյանն առաջիկայում տեղափոխվելու մտադրություն չունի։ Անցնելով աղետի, պատերազմի և քաղաքական ցնցումների միջով՝ նա շարունակում է կառչած մնալ իր աշխատանքին, որն իր կյանքում սակավաթիվ հաստատուն բաներից մեկն է, հպարտության և ուրախության աղբյուր: Նա մտադիր է որպես դերձակ աշխատել այնքան, որքան կարող է։

«Սա լիովին իմն է։ Ինչ էլ անեմ, անում եմ մեծ սիրով, և հավատում եմ, որ կարևորը այն սերն է, որ դնում ես քո աշխատանքում»:

Exit mobile version