Site icon CIVILNET

ԱՄՆ-ն բազմաթիվ ուղիներով ներգրավված է հայ-ադրբեջանական լարվածությունը թուլացնելու գործնթացում․ Փրայս

ԱՄՆ տարբեր մակարդակներով, բազմաթիվ ուղիներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործնթացում։ Այդ մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Հարցին, թե ինչու սեպտեմբերի 27-ին Սպիտակ Տանը Հայաստանի ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպմանը ներկա չի եղել Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիկերը, Փրայսը պատասխանել է․

«Դեսպան Ռիկերն ակտիվորեն համագործակցել է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Նա, իհարկե, անցյալ շաբաթ պետքարտուղարի հետ Նյու Յորքում էր: Նա մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը։ Վերջերս նա եղել է Հարավային Կովկասում, անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այսպիսով, նա խորապես ներգրավված է այս գործընթացում»,- ասել է նա։

Նեդ Փրայսը նշել է, որ նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն է իր հերթին շփումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ղեկավարների հետ․ «Մենք տարբեր մակարդակներով, բազմաթիվ ուղիներով ներգրավված ենք լարվածությունը թուլացնելու գործնթացում»։

Exit mobile version