Site icon CIVILNET

Ալեն Սիմոնյանը հակասում է Փաշինյանին ու Պուտինին․ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն եղել է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում մինչև նոյեմբերի 9-ը պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չի եղել։

ԱԺ խոսնակը մինչ այդ պնդել էր, թե 2016-ի քառօրյա պատերազմը կանգեցվել էր հայկական կողմից «ամենայն հավանականությամբ՝ նոր խոստումներով»։ Լրագրողները հակադարձել են, որ նույն կերպ կարող էին նաև իրենք կանգեցնել՝ այդքան զոհերից խուսափելու համար։

«Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարողացել կանգնեցնել (պատերազմը – խմբ.)։ Մենք կանգնեցրել ենք այն ժամանակ, երբ որ դա հնարավոր է եղել։ Որևիցե օր չի եղել, որ հնարավորություն է եղել կանգնեցնել, և մենք այդ քայլին չենք գնացել»,- նշել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի այս պնդումը հակասում է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մինչ այս ներկայացրած փաստերին։

Դեռ 2020-ի նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս, Պուտինը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-20-ին, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված դեռ, իրեն հաջողվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները։ Ալիևի կողմից պարտադիր պայման էր հնչեցվել, որ պետք է իրականացվի փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշի։

«Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ, ներառյալ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, որոնց մասով մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասել էր ՌԴ ղեկավարը՝ հավելելով, որ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը չի կարող դրան գնալ և շարունակելու է պայքարը։

Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ պատերազմն ավելու շուտ դադարեցնելու և փաստացի ավելի քիչ զոհեր տալու ու տարածքներ կորցնելու մասով, մեծ արձագանք ստացավ Հայաստանում։

Ի վերջո, Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 29-ին Ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ մանրամասն ներկայացնելով հոկտեմբերի 19-20 տեղի ունեցած զրույցների, հանդիպումների բովանդակությունը և բացատրելով, թե ինչու չի համաձայնել այդ ժամանակ գնալ համաձայնության։

«Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս, ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, որոնք պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»,- գրել էր Փաշինյանը։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանի պնդումը, թե մինչև նոյեմբերի 9-ը «որևիցե օր չի եղել, որ հնարավորություն է եղել կանգնեցնել պատերազմը», հակասում է Նիկոլ Փաշինյանի և Պուտինի հայտարարություններին։

Exit mobile version