Site icon CIVILNET

Վրաստանում իշխող կուսակցության՝ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու որոշումը՝ բուռն քննադատության առարկա

Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին («Վրացական երազանք») 2022 թ․ հոկտեմբերի 31-ին խորհրդարանում ներկայացնում է հակակոռուպցիոն գործակալության ստեղծման մասին օրենսդրական փաթեթը։ Լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի կայքից։

Շոթա Կինչա, OC Media

Հակակոռուպցիոն «անկախ» գործակալություն ստեղծելու վերաբերյալ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրինագիծը, որն արագացված ընթացակարգով է քննարկվել խորհրդարանում, սուր քննադատության է արժանացել։ Քննադատները պնդում են, որ այն լինելու ոչ թե անկախ մարմին, այլ ենթարկվելու է իշխող կուսակցությանը:

Այս տարվա հունիսին Եվրոպական Միությունը սահմանել էր 12 պայման, որոնք Վրաստանը պետք է կատարի, որպեսզի վերանայվի այդ երկրի ԵՄ թեկնածության հարցը: Այդ պայմանները ներառում էին նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը։

Համաձայն օրենքի նախագծի, որը երեքշաբթի օրը իշխող կուսակցությունն արագացված ընթացակարգով քննարկել է խորհրդարանում, հակակոռուպցիոն գործակալությունը պետք է զեկուցի խորհրդարանին և Կոռուպցիայի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդին, որը գործում է վարչապետի աշխատակազմի ներքո։

Օրենսդրությունում նաև նշվում է, որ գործակալության ղեկավարի թեկնածուները նախապես պետք է հաստատվեն առանձին հանձնաժողովի կողմից՝ «թափանցիկ» մրցույթի միջոցով։

Այնուամենայնիվ, քննադատները պնդում են, որ օրենսդրական այս առաջարկները չեն երաշխավորի, որ գործակալությունն իսկապես անկախ կլինի կառավարությունից:

Ընդդիմադիր խմբերի կողմից ընդգծված գործոններից մեկն այն է, որ հանձնաժողովի կողմից ստուգվելուց հետո գործակալության նախագահին նշանակելու է վարչապետը:

Հոկտեմբերի 28-ին Խատիա Դեկանոիձեն, որը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կարկառուն պատգամավորներից է, դատապարտել է «Վրացական երազանք»-ի առաջարկած օրենքի տարբերակը։

«[Հակակոռուպցիոն գործակալությունը] բացարձակապես չի կարող վերահսկվել [վարչապետ Իրակլի] Ղարիբաշվիլիի կողմից, որն ինքն էլ կասկածվում է [կոռուպցիայի մեջ]։ Դա վերաբերում է նաև նրան, որ Բիձինա Իվանիշվիլիին նրան ազատել է աշխատանքից կոռուպցիայի համար», – պնդել է Դեկանոիձեն:

Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին անսպասելիորեն ավարտեց իր առաջին պաշտոնավարումը 2015-ի վերջին՝ մի քանի ամիս այն բանից հետո, երբ Cartu Bank-ում աշխատելու տարիներից իր մենթոր և նախկին ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ դժգոհ է Ղարիբաշվիլիի որոշ հարազատներից: Սա ընդդիմադիր գործիչների կողմից ընդունվել է որպես հնարավոր կոռուպցիայի մասին վկայություն:

«Խնդիրն այն չէ, թե ով է նշանակում գործակալության ղեկավարին»

Թբիլիսիում տեղակայված Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) ծրագրերի ղեկավար Լևան Ավալիշվիլիի խոսքով՝ գործակալության անկախ լինելը ԵՄ-ի ակնկալիքների կարևոր մասն է: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ օրենքի հետ կապված խնդիրները դուրս են այս մարմնի ղեկավար նշանակելու հարցում վարչապետի՝ վերջին խոսքն ունենալու իրավունքից շրջանակից։

«Կարևոր չէ, թե ով է ընտրում գործակալության նախագահին, քանի որ առաջարկվող գործակալությունը անհասկանալի, նոր հաստատություն է՝ առանց որևէ գործառույթի և ամբողջությամբ չի համապատասխանում ԵՄ-ի կողմից մեզ տրված հանձնարարականին»,- OC Media-ին ասել է Ավալիշվիլին:

Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ առաջարկվող գործակալության իրավասությունները սահմանափակվում են Վրաստանի հակակոռուպցիոն ռազմավարության վրա աշխատանքները համակարգելով և տարին մեկ անգամ խորհրդարանին զեկուցելով։

Ավալիշվիլին ընդգծել է, որ երկրի հակակոռուպցիոն ռազմավարության վրա աշխատելը մինչ այժմ եղել է վարչապետի աշխատակազմի ներքո գործող հակակոռուպցիոն միջգերատեսչական խորհրդի գործառույթը։

«Այսինքն՝ ստացվում է, որ այդ խորհուրդը պարզապես վերածվելու է հանրային իրավունքի ներքո գործող առանձին իրավաբանական սուբյեկտի … սրանք բարեփոխումներ չեն»,- ասել է նա։

Ավալիշվիլիի խոսքով՝ ԵՄ-ն, մատնացույց անելով երկրում իրենց հայտնաբերած խնդիրների «շատ կոնկրետ ցանկը», Վրաստանին խորհուրդ է տվել ստեղծել առանձին գործակալություն։

«Ցանկը ներառում էր, օրինակ, [պաշտոնյաների] ունեցվածքի հայտարարագրերի մոնիտորինգի համակարգը, ազդարարներին պաշտպանող մեխանիզմները, քաղաքական կուսակցությունների ֆինանսների մոնիտորինգն ուժեղացնելու անհրաժեշտությունը, բարձր մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարելու և տարբեր գերատեսչություններում ցրված կառավարական գործառույթները մեկ սուբյեկտում կոնսոլիդացնելու անհրաժեշտությունը»,- նշել է նա:

Ավալիշվիլին նաև ասել է, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ պաշտոնյաների ֆինանսական հայտարարագրերը ստուգելու և ազդարարներին պաշտպանելու պատասխանատվությունը թողնվում է Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյին, քաղաքական կուսակցությունների ծախսերի վերահսկումը՝ Վրաստանի աուդիտի ծառայությանը, իսկ Հակակոռուպցիոն գործակալության աշխատանքի շրջանակում իրականացվելիք հետաքննական գործառույթները՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը։

Exit mobile version