Site icon CIVILNET

Գործադիրը «Հյուսիս-հարավ»-ի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ է գումարել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի բանակցված պայմանագիրը:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները հաստատելու մասին կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծին: Վարչապետը հանձնարարել է լրամշակել այն, որից հետ ներկայացնել կառավարության առաջիկա նիստին:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում էր սկսել դեռ 2009թ. և ավարտել 2017թ։ Չնայած նրան, որ Հայաստանը Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) 1-ին և 2-րդ տրանշներով ստացել է նախատեսված $230 մլն վարկային միջոցները, այդուհանդերձ 82 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վրա որևէ աշխատանք դեռ չի իրականացվել։ Նախատեսվում է, որ աշխատանքների մեկնարկը կտրվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին, թեև ավելի վաղ որպես աշխատանքների մեկնարկի ժամկետ նշվում էր այս տարվա մայիսը։

Հայաստանին հերթական՝ 3-րդ տրանշի հատկացումը ($160 մլն) նախատեսված է ԱԶԲ-ի տնօրենների խորհրդում քննարկել ընթացիկ տարվա նոյեմբերին։ 4-րդ տրանշով ԱԶԲ-ն Հայաստանին պետք է հատկացնի $100 մլն։ Գումարների հատկացման հարցը բանկի տնօրենների խորհուրդը կքննարկի 2014թ. մայիսին։

Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա)։ ԱԶԲ-ն այս ծրագրի համար հաստատել է $500 մլն վարկային միջոցների հատկացումը, իսկ կառավարության համաֆինանսավորումը պետք է կազմի $462 մլն։

Exit mobile version