Site icon CIVILNET

Նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք․ Գրիգորյան

Armen Grigoryan

Արտաքին հետախուզական ծառայության կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք։ Այս մասին դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարությունում և ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով նորաստեղծ ծառայությունն ավելի լայն հնարավորություններ կունենա կառույցը մասնագետներով համալրելու հարցում»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ արտաքին հետախուզական ծառայության պետը լինելու է անվտանգության խորհրդի անդամ։

«Արտաքին հետախուզության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ տեղեկություն հայթայթել, նույնիսկ այնպիսի տեղեկություն, որը հրապարակային հայտնի չէ։ Եվ այդ տեղեկությունների հիման վրա վերլուծություն կկատարի անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Արտաքին հետախուզական ծառայությունը գործելու է վարչապետի ենթակայության ներքո և չի համարվելու զինվորական մարմին։

Նորաստեղծ մարմինը օժտված է լինելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորությամբ, նրա աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակն ու կառուցվածքը համարվելու են պետական գաղտնիք։

«Հաշվի առնելով արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի hետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով»,- ասված է նախագծի հիմնավորումներում։

Նշվում է, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որը չունի առանձին հետախուզական ծառայություն։

Արտաքին հետախուզական ծառայության աշխատակից կարող է լինել անձը, որի 18 տարին լրացել է, գիտի հայերեն, գործնական ու բարոյական հատկանիշներով, կրթությամբ ու առողջությամբ ունակ է ծառայության։ Ծառայությունն ունենալու է նաև ուսումնական կենտրոն։

Exit mobile version