Site icon CIVILNET

Երեխաներին սպասարկող բուժհիմնարկներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով

Երեխաներին սպասարկող բուժհաստատություններն այս պահին աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով։ Կառավարության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը` խոսելով երկրում համաճարակային իրավիճակի մասին։

Նրա խոսքով՝ սուր շնչառավական վարակներով պայմանավորված ամբողջ աշխարհում և Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Հայաստանում գերակշռում է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը։

«Գրիպի A տեսակը հիմնականում երեխաներին է թիրախավորում, բայց ասել, որ միայն փոքրիկներն են հիվանդանում, ճիշտ չէ։ Մենք ունենք հիվանդացության բարձրացում նաև մեծահասակների շրջանում։ Խնդիրը հետևյալն է՝ երբ երեխան ունենում է ախտանշաններ, ծնողը բարձր զգոնությամբ երեխային ուղեկցում է բժշկական կազմակերպություն` բուժման, սակայն նույնը չենք կարող ասել մեծահասակների մասին։ Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հիմնականում ծայրահեղ ծանր կլինիկական ընթացքով ընդունվում են հենց մեծահասակները. դիմում են ուշ, զբաղվում են ինքնաբուժությամբ։ Ցավոք, երբեմն չի լինում արդյունավետ ապահովել նրանց բժշկական օգնությունն ու սպասարկումը»,- ասել է նա։

Աբովյանը նշում է, որ հիմնական արդյունավետ կանխարգելիչ միջոցը սեզոնային գրիպի դեմ պատվաստումն է։ Նա վստահեցնում է, որ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են պատվաստանյութերով։

Exit mobile version