Site icon CIVILNET

Կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցել զորամասի թիկունքի պետի նկատմամբ, նա ձերբակալվել է

Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի նկատմամբ, հայտնում է դատախազությունը։

Քրեական հետապնդումը հարուցվել է քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

«Փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն, պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հունվարի 19-ին զորամասի ինժեներական ծառայության սպան կացարանում տեղադրված վառարանը վառել է ավտոբենզինով, որի հետևանքով կացարանում բռնկվել է հրդեհ․ «Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»։

Կառավարության հունվարի 26-ի նիստի ընթացքում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է զորամասի թիկունքի պետ Գ.Ա.-ն ձերբակալվել է։

***

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Քննչական կոմիտեի նախագահն ասել էր, որ նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված անվտանգության նորմերի խախտման պատճառով։

Միջադեպի օրն անմիջապես պաշտոնից ազատվեցին երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, նրա տեղակալները, զորամասի հրամանատարն ու այլ պաշտոնյաներ, ինչպես նաև ՊՆ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը։

Exit mobile version