Site icon CIVILNET

Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը վատթարացրել է դիրքերը

Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով վատթարացրել է արդյունքները։ Այդ մասին հայտնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը, որը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ) 2022 զեկույցը։ Եթե 2020, 2021 թվականներին Հայաստանն այս համաթվով ուներ 49 միավոր, այժմ ունի 46-ը։

Ըստ մեթոդաբանության՝ եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, դա համարվում է պետությունում լուրջ հիմնախնդիր։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, հունվարի 31-ին «Մեդիա կենտրոն»-ում ներկայացնելով 2022-ի կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքները, ասաց՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը բացի ԿԸՀ զեկույցից, ներկայացրել է նաև ռեգիոնալ վերլուծությունը կոռուպցիայի թեմայով։

«Տարիներ շարունակ առաջընթաց գրանցելուց հետո այս տարվա (2022) ԿԸՀ-ն անհանգստացնող է, քանի որ Հայաստանը նահանջել է 3 միավորով։ Թեև սա նշանակալի չէ վիճակագրորեն, սակայն այս անկումն արտացոլում է հակակշիռների պահպանման, իրավապահների բարեվարքության, դատական համակարգի անկախության ու քաղաքացիական տարածքի պաշտպանության խնդիրները»,- զեկույցից հատված է ներկայացրել Հոկտանյանը։

Կոռուպցիայի ընկալման համաթվի չափման համար հիմք են ընդունվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրություններ ու զեկույցներ, վերլուծում այնտեղ առկա տվյալներն ու մաթեմատիկական վիճակագրության մեթոդներով հաշվում երկրում կոռուպցիայի ընկալման մակարդակը։ Այս զեկույցը չի անդրադառնում առանձին վերցրած ոլորտներում առկա կոռուպցիայի մակարդակին։

Տարածաշրջանում Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի իր ցուցանիշով ավելի դրական արդյունքներ ունի, քան Ադրբեջանը, Թուրքիան կամ Իրանը։ Միևնույն ժամանակ, Վրաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի միավորներն ավելի բարձր են, քան Հայաստանինը. «Օմանից հետո նահանջի գծով ամենամեծ արդյունքներն ունեցել է Ադրբեջանը։ 7 միավորով է նահանջել, դա իր պատմական մինիմումն է։ Հայաստանում երկար տարիներ ստագնացիոն վիճակ էր, 2018-2020 թթ․ այդ աճը եղավ, բայց հիմա շատ մտահոգիչ վիճակ է»,- ասաց Հոկտանյանը՝ շեշտելով, որ կա ռիսկ առաջիկա տարիներին ցուցանիշի վատթարացման շարունակակության ուղղությամբ։

Փորձագետը նաև հիշեցրեց՝ 2019-ին, երբ ընդունվում էր Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը առաջիկա 3 տարիների համար, այդ փաստաթղթով նպատակ էր դրվել կոռուպցիայի ընկալման համաթիվը հասցնել 55-ի։ 3 տարիներն անցել են, Հայաստանի ունեցած հաջողությունները կոռուպցիայի ընկալման համաթվով կանգ են առել, իսկ 2022-ի ցուցանիշով նույնիսկ նահանջել ենք։

«Դու կարող ես մի հոյակապ ռազմավարություն մշակես, նայողը հիանա, բայց երբ ընկալումը մնում է ցածր կամ կա նահանջ, այստեղ ունենք խնդիր»,-շեշտեց նա։

Աշխարհում ԿԸՀ տվյալներով լավագույն ցուցանիշներն ունեն Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, իսկ վատագույն ցուցանիշները՝ Սոմալին, Սիրիան ու Հարավային Սուդանը։

Exit mobile version