Site icon CIVILNET

Ո՞ւր էր Եվրոպան, երբ մենք պայքարում էինք անկախության համար. Կադիրով

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հակադարձել է Լեհաստանի վարչապետի հայտարարությանը, որ Չեչնիան «արժանի է անկախության»՝ Եվրոպային մեղադրելով 1990-ականներին չեչեններին անկախության համար պայքարում չաջակցելու մեջ։

Կիրակի Telegram-ի իր ալիքում հրապարակած տեսաուղերձում Կադիրովը պնդել է, որ ինքը «մոլի իչկերիացի է»։

«Դուք էիք, որ մեզ թույլ չտվեցիք կառուցել մեր պետությունը»,- ասել է նա։

Կադիրովն իր հոր՝ Ախմատ Կադիրովի հետ Իչկերիայի Չեչենական Հանրապետությունից Ռուսաստան էր հեռացել Չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ։

Նա Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիին «շիզոֆրենիկ» է անվանել նրա մեկնաբանությունների համար։

«Մորավիեցկին ասում է, որ պետք է աջակցել Իչկերիային։ Ես հարց ունեմ՝ որտե՞ղ էիք, երբ մենք կռվում էինք Իչկերիայի համար, երբ մենք պաշտպանում էին անկախությունը։ Ինչո՞ւ եվրոպական երկրները, այդ թվում՝ Ուկրաինան, չաջակցեցին մեզ։ Իսկ այսօր հանկարծ որոշեցիք սատարե՞լ գոյություն չունեցող պետությանը»,- ասել է Կադիրովը։

Շարունակելով՝ Կադիրովն իր աջակցությունն է հայտնել Չեչնիայի՝ Ռուսաստանի Դաշնության կազմում լինելուն:

«Այսօր որքան էլ առանձին պետություն ուզենք՝ մենք չենք կարող գոյություն ունենալ [որպես առանձին պետություն], որովհետև մեկուկես միլիոն մարդու պետք է կերակրել, հագուստ ու կոշիկ և կրթություն տալ, սոցիալական հարցերը լուծել»,- ասել է Կադիրովը։

«Մենք չենք կարող դա անել։ Ուստի բոլոր իմաստներով, ամեն ուղղությամբ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել։ Եվ ամեն տարի, ամեն օր մենք համոզվում ենք դրանում»։

Նա պատասխանել է Լեհաստանի վարչապետի՝ ֆրանսիական LCI հեռուստաընկերությանը ուրբաթ տված հարցազրույցի մեկնաբանություններին։ Դրանում Մորավիեցկին աջակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության փլուզմանը, այդ թվում՝ անկախ չեչենական պետությանը:

«Ռուսաստանի մասեր կան, որոնք բանտեր են այլ ազգերի համար։ Ռուսաստանի այդ հատվածները պետք է ազատագրվեն, օրինակ՝ Չեչնիան,- ասել է նա։- Նրանք դարեր շարունակ պայքարում էին դրա համար»։ «Ես հավատում եմ, որ այս ժողովուրդն արժանի է անկախության»,- ասել է Լեհաստանի վարչապետը։

Չեչենական առաջին պատերազմը՝ 1994–1996 թթ., տեղի ունեցավ նորահռչակ Իչկերիայի Չեչենական Հանրապետության և ռուսական բանակի միջև և ավարտվեց Իչկերիայի հաղթանակով։ Պատերազմը խլեց 25 000 – 80 000 մարդու կյանք և ավարտվեց Չեչնիայի փաստացի անկախությամբ։ Այդ իրավիճակը շարունակվեց մինչև 2001-ի Չեչենական երկրորդ պատերազմի ավարտը։

Exit mobile version