Site icon CIVILNET

Քրեական հետապնդում է հարուցվել կացարանի վառարանն ավտոբենզինով վառած սպայի նկատմամբ

Դատախազությունը հայտնում է, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով փետրվարի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ, որը ավտոբենզինով վառել էր վառարանը։

Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

«Ե.Հ.-ն կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, օրվա հերթապահից ճշտելով այդ ստորաբաժանմանը հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ավելի վաղ կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալի և կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետի նկատմամբ։ Երկու սպաներն էլ կալանավորված են։

Exit mobile version