Site icon CIVILNET

Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա․ Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի մշակվող փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա, փետրվարի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ։ Բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։

Հարցին, թե Հայաստանի համար սկզբունքային է խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցի հիշատակումը, Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմի համար ավելի կարևոր է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը։

«Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ։ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա։ Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթացնում»,- հայտարարել է ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ այժմ Հայաստանը մշակում է խաղաղության պայմանագրի փաստաթղթի վերաբերյալ ադրբեջանական առաջարկների պատասխանը։

«Հայկական կողմը ստացել է իր առաջարկած տեքստին պատասխան, որը շարունակական գործընթաց է, նոր տեքստ չէ։ Հիմա հայկական կողմն է աշխատում և հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի և մենք կփոխանցենք ադրբեջանական կողմին»,- ասել է նա։

Exit mobile version