Site icon CIVILNET

Կառավարությունն Ամուլսարի ծրագրով նախընտրում է վերջնականապես զոհաբերել Ջերմուկը․ հայտարարություն

Երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ և անհատներ հայտարարություն են տարածել Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ, որով իրենց հիասթափությունը և դժգոհությունն են հայտնում կառավարության «ապօրինի, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր, պետության համար վտանգներով հղի» որոշման կապակցությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2023-ի փետրվարի 22-ին Կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, հայտնում ենք մեր խորը հիասթափությունը և դժգոհությունը Ամուլսարում հանք շահագործելու վերաբերյալ ՀՀ կառավարության ապօրինի, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր, պետության համար վտանգներով հղի որոշման կապակցությամբ։

ՀՀ կառավարությունը՝

  1. Նախատեսելով Ամուլսարի ծրագրի վերագործարկումը՝ հաշվի չի առել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռմբակոծեց Ջերմուկ քաղաքը: Ըստ Ամուլսարի ծրագրի, Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլ Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։ Պնդումները, որ Ամուլսարի ծրագրի իրականացումը և միջազգային ներդրումների ներգրավումը անվտանգության երաշխիք են, անհիմն են և մանիպուլիացիոն բնույթ են կրում: Սոթքի ոսկու հանքավայրի տարածքը պարբերաբար թիրախավորվում է: Փաստացի Սոթքի դեպքում միջազգային ներդրումները երաշխիք չեղան Ադրբեջանի ռազմական նկրտումները զսպելու համար: Ամուլսարի ծրագրի դեպքում չկա որևէ երաշխիք, որ նույն սցենարը չի կրկնվի, և դրանով իսկ Հայաստանի տարածքներն էլ ավելի չեն թիրախավորվի:
  2. Հաշվի չի առել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո:
  3. Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման նպատակով ներգրավելով Եվրասիական զարգացման բանկին՝ չի գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական ռիսկերը՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պայմաններում: Եվրասիական զարգացման բանկի մյուս խոշոր բաժնետերերը՝ Ղազախստանը և Բելառուսը, հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ցուցաբերել են արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշում: Նման բաժնետերեր ունեցող բանկի հետ գործարքի գնալն անմիջական սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար:
  4. Չի իրականացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննություն, հաշվի չի առել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, ինչի համար պետական բյուջեից վճարել է 454 հազար դոլար:
  5. Հաշվի չի առել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:
  6. Անտեսել է Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով տոքսիկ տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսել է աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:
  7. Հաշվի չի առել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ պայմանավորված Բեռնի կոնվենցիայով:
  8. Առողջապահության նախարարը հայտարարեց, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումն առողջության համար վտանգավոր չէ և անցել է համապատասխան փորձաքննություններ: Սա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ամուլսարի ծրագրի 4 ՇՄԱԳ փորձաքննական գործընթացներում չի իրականացվել և գործնականում չէր կարող իրականացվել փորձաքննություն, քանի որ համապատասխան մեթոդաբանություն չկա:
  9. Հաշվի չի առել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության դիմադրությունը: 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչներ իրենց ստորագրություններով դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։
  10. Անտեսել է կամ չի գնահատել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը (due diligence), անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան՝ հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահելով օֆշոր գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։

Կառավարությունը փոխանակ որդեգրի քաղաքականություն՝ վերականգնելու երբեմնի բարգավաճող և արդեն սահմանամերձ դարձած առողջարանային Ջերմուկ քաղաքի կենսագործունեությունը, ամրապնդելու համայնքների և սահմանների անվտանգությունը, Ամուլսարի շահագործման ծրագրով, փաստորեն, նախընտրում է վերջնականապես զոհաբերել Ջերմուկը և նրա սոցիալ-տնտեսական կայացած համակարգը հանուն պետական բյուջե ժամանակավոր մտնող մի քանի միլիարդ դրամի և մի քանի կասկածելի օֆշորային ընկերությունների հարստացման Ամուլսարի հանքը 10-11 տարի շահագործելու արդյունքում:

Հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի ռիսկերի անկառավարելիությունը՝ դեմ ենք Ամուլսարի ծրագրի իրականացմանը:

Պահանջում ենք

ՀՀ նախագահից

ՀՀ առողջապահության նախարարությունից

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից

ՀՀ գլխավոր դատախազությունից

ՀՀ կառավարությունից

ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ ՀԿ-ներն ու անհատները՝

  1. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  2. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  3. «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
  4. «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
  5. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  6. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  7. «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ
  8. «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
  9. Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
  10. «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
  11. Ինֆորմացիայի ազատության կենտրոն
  12. «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
  13. «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
  14. «Յանուս» իրավական ՀԿ
  15. «Վայոց Ձոր Էվոլյուցիա» ՀԿ
  16. «Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական Հիմնադրամ
  17. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
  18. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
  19. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
  20. Զարուհի Հովհաննիսյան՝ իրավապաշտպան
  21. Նիկոլայ Դավթյան՝ ռեժիսոր
  22. Ռոզա Ջուլհակյան՝ փորձագետ

Exit mobile version