Site icon CIVILNET

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի եկամուտները աճել են, նվիրաբերությունները՝ նվազել

զինվորներ -soldiers - civilnet

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000+»), որը փոխհատուցում է տրամադրում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված և զոհված զինծառայողներին, 2022-ին ունեցել է 15 տոկոսով ավել եկամուտներ՝ 2021-ի համեմատ. հիմնադրամն իր տարեկան հաշվետվությունում։

Հիմնադրամի եկամուտների աճը պայմանավորված է եղել զբաղված անձանց թվի աճով, նոր ընկերությունների ստեղծմամբ և միջին աշխատավարձի աճով։ Միևնույն ժամանակ, հիմնադրամին նվիրաբերությունները կտրուկ նվազում են արձանագրել՝ 61 տոկոսի չափով. «Դա բացատրվում է հետպատերազմյան իրավիճակով, քանի որ պատերազմի ժամանակ նվիրաբերությունները սովորաբար կտրուկ աճ են ցույց տալիս, ինչն արտահայտվում է 2020թ. արդյունքներում։ Անկման ամենամեծ բաժինը գրանցվել է Ռուսաստանից արվող նվիրաբերություններում, ինչը բացատրվում է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներով և դրամական փոխանցումների համակարգերում ստեղծված դժվարություններով»։

Պարտադիր վճարները, որոնք գանձվում են աշխատող քաղաքացիների աշխատավարձից, հիմնադրամի ստեղծումից՝ 2017-ից ի վեր կազմել են 95,3 միլիարդ դրամ։ Զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին 2022-ին կատարած հատուցոմների ծավալը կազմել է 16,8 միլիարդ դրամ, իսկ հիմնադրամի գործունեության մեկնարկից ի վեր այդ թիվն անցնում է 71 միլիարդը։

«2022-ի սեպտեմբերի 12-13-ը Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների էսկալացիան ավելացրեց ԶԱՀ-ի պարտավորությունները ևս 211 շահառուների համար միանվագ և կանոնավոր ամսական վճարումներով, որոնք կազմում են լրացուցիչ 2,1 մլրդ ՀՀ դրամ, ինչը կարճաժամկետ կտրվածքում մեծ ազդեցություն չունեցավ ԶԱՀ-ի ֆինանսական արդյունքների վրա»,- նշված է տարեկան հաշվետվությունում։

2017-ից ի վեր հիմնադրամը հատուցել է 5 090 շահառուների, որոնց 45 տոկոսը եղել են ժամկետային շարքային զինծառայողներ, 39 տոկոսը՝ զորակչոված ժամկետայիններ, սպաներ ու կամավորականներ։

Exit mobile version