Site icon CIVILNET

Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ չկան․ Պապիկյան

Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին իշխանությունները մշտապես հայտարարել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,- ասել է նա:

Հարցին, թե ինչպե՞ս ենք դիմակայելու ռազմական էսկալացիային, Պապիկյանը պատասխանել է․ «Դա զինված ուժերի դիմակայման խնդիրն է, ես մանրամասներ այստեղ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև գործընկերներին: Եթե կարիք լինի, կդիմենք, եկեք հիմա չեղած բանի մասին չխոսենք: Հարցնում եք՝ պատրա՞ստ եք դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»:

Արդյոք Արցախի և Հայաստանի սահմաններին կուտակումներ կան․ հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասել է․ «ԼՂ շուրջ կուտակումների եւ մնացածի մասին ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով: Նաեւ ռուս խաղաղապահներն են դրա մասին ամենօրյա հաղորդագրություն տարածքում: Սրանով կառաջարկեմ հարցը փակել:

Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք պետք է մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք: Քանի որ խոսվում է պատրաստ լինելու մասին, չստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց դա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի են»:

Exit mobile version