Site icon CIVILNET

Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Ապրիլի 18-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր:

«Արարատ Միրզոյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, այդ թվում՝ համապարփակ ու կայուն խաղաղության հասնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ: Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից առավելապաշտական նկրտումներից, ԼՂ ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից ու ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Օլսոնը անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին։

«Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ»,- տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Exit mobile version