Ալավերդյանը հիշեցրեց, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանի բակում տեղի ունեցած դաժան ծեծից շուրջ 72 օր է անցել, և եթե ոստիկանությունն ու դատախազությունը ցուցաբերեին կամք և չգործեին դեպքերը կոծկող, ավելին` դեպքերը ոչնչացնող ռազմավարությամբ, գուցե այսքան մեծ չէր լինի հանրային ընդվզումը: «Վահե Ավետյանի դեպքն աչքի է ընկնում իշխանության կողմից խորշելի մեթոդներով ցինիզմի դրսևորումով: Դա սադիստական մեթոդներով սպանություն է եղել»,- ասաց նա:
Ադրբեջանական իշխանությունների` ստի, իրավախախտումների ու անպատասխանատվության հետ աշխատանքի բերումով տարիներ շարունակ առնչված իրավապաշտպանը նշեց, որ նույն քաղաքականությունն ունի այսօր Հայաստանի իշխանությունը: «Հանցագործությունը չունի ազգություն, և երբ իշխանությունն ուզում է կոծկել հանցագործությունը, նա նախ և առաջ հանցանշաններն է ոչնչացնում,- փաստեց նա:- Ես սարսափով տեսնում եմ, որ մեր իշխանության կողմից հենց դա է տեղի ունենում»:
Հասարակության ընդվզումն, ըստ Ալավերդյանի, ծնվեց հատկապես այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ իշխանության կողմնակալությունը: «Սարսափելին նույնիսկ ոչ այնքան սպանությունն է, որքան այդ ցուցադրական կոծկումն է` ծածկում, պարտակում են, և քաղաքական առումով էլ ցույց են տալիս, որ դա հենց քաղաքական առումով ունի նշանակություն: Հասարակություն չի քաղաքականացնում, քաղաքականացրեց հենց իշխանությունը»,- նշեց նա:
Որպես օրինակ` Ալավերդյանը հիշեցրեց, որ դեպքից անմիջապես հետո հայտարարվեց, թե ծեծի ենթարկողները ոչ թե պատգամավորի անվտանգության աշխատակիցներն էին, այլ` ռեստորանի աշխատակիցներ, ծանր հանցագործությունից հետո դեպքի վայրը զննության համար չմեկուսացվեց, նշված ավելի քան մեկ տասնյակ մարդու փոխարեն ձերբակալվեց միայն վեցը:
Անդրադառնալով Հայրապետյանի` մանդատը վայր չդնելու «շարժման» կազմակերպած ստորագրահավաքին` Ալավերդյանը փաստեց. «Ցանկացած երկրում կարելի է գտնել ինը-տաս հոգի, որ կստորագրեն ցանկացած նամակի տակ»:
Ներկայիս քաղաքական վիճակն, ըստ նրա, արտահայտում է քաղաքացիների հիասթափությունը քաղաքական ուժերից: «Կա մի մերժողականություն` նիհիլիզմ, ընդհանրապես քաղաքական ուժերի նկատմամբ: Հայաստանը հիմա այդ վիճակում է: Հայաստանում հիմա տարբեր խնդիրների շուրջ համախմբվում են ամենատարբեր աշխարհայացքի, ճամբարների մարդիկ, ու մարդիկ միանում են այդ շարժումներին, քանի որ կա հիմնավոր անվստահություն քաղաքական բոլոր ուժերի նկատմամբ:
Քաղաքացիական շարժումների բարձրացրած բոլոր խնդիրների լուծումները քաղաքական դաշտում են. սակայն եթե քաղաքական դաշտը շարունակի մնալ այս` կիսապասիվ կամ պասիվ վիճակում, ապա քաղաքացիական շարժումները փորձելու են պարտադրել իրենց որոշումները քաղաքական դաշտին: Եթե չստացվի, ապա այդ շարժումներից ծնվելու են նոր քաղաքական ուժեր: Դրանից խուսափել կամ դա դատապարտել պետք չէ: Դա քաղաքական դաշտի համար մի նոր մրցակցային վիճակ է ստեղծում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
ԱԺ-ում «Ժառանգության» խմբակցության նախկին անդամը ևս հիասթափվել է իր կուսակցության որդեգրած մարտավարությունից: « «Ժառանգություն»-ը որդեգրել է ինձ համար խորթ քաղաքականություն: Այն մեթոդները, որ կարող է օգտագործել որևէ խոշոր կուսակցություն (իրեն կարող են քննադատել, դատապարտել և այլն, դա նրան չի սասանում), չպիտի օգտագործի փոքր կուսակցությունը. դա ինձ համար օտար մեթոդիկա է»,- ասաց նա: Ալավերդյանն ափսոսանքով նկատեց` թերևս պետք էր պահպանել «փոքրերի» միակ զենքը` ազնվորեն բոլոր երևույթներին արձանագանքելը: «Ես կցանկանայի, որ իմ բոլոր կոլեգաները, որ դուրս են մնացել Ազգային ժողովից, նորից ընդգրկվեին, քանի որ թիմ ստեղծելը, իրոք, շատ դժվար է»,- նշեց նա: