Site icon CIVILNET

Ադրբեջանը թույլ չի տալիս առողջական ծանր վիճակում գտնվող արցախցիներին տեղափոխել Հայաստան

Ադրբեջանը Կարմիր խաչին թույլ չի տալիս առողջական ծանր վիճակում գտնվող արցախցիներին տեղափոխել Հայաստան, ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանը բոլոր հնարավոր ձևերով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- Թվիթերի իր էջում գրել է Ստեփանյանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախից բուժառուների տեղափոխումը դադարել է ապրիլի 29-ից։ Նախարարության տվյալներով՝ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման։

«Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում»,- ասված է հաղորդագրությունում։

Կասեցվել է նաև Կարմիր Խաչի միջոցով դեղորայքի մատակարարումը, որի պատճառով Արցախում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ:

Exit mobile version