Site icon CIVILNET

Բեգլարյանների գործով քննարկվեց երրորդ անձանց ներգրավելու հարցը

Մայիսի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ընդդեմ Գագիկ Բեգլարյանի, Նունե Բեգլարյանի, Հրանտ Բեգլարյանի, Նատելլա Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին» գործի քննությունը։

Նիստին քննարկվեց երրորդ անձանց ներգրավվելու հարցը։ Մասնավորապես պարզվեց, որ դեռևս ապրիլի 7-ին երրորդ անձ ներգրավվելու որոշումը ստացել են «Դյութի ֆրի հոլդինգ», «Երևանի Թիվ 2 Շուկա» և մեկ այլ ընկերություն ու գրավոր պատասխաններ չեն ներկայացրել, ուստի նրանց միջնորդությունը՝ ժամանակ տրամադրելու վերաբերյալ, մերժվեց։

Միաժամանակ դատավոր Ավագյանը բավարարեց մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Արաբկիր կահույքի ֆաբրիկան», «ՌԻՈ» ՓԲԸ-ն ու «Նարեկ» ԲԲԸ-ի միջնորդությունը և լրացուցիչ ժամանակ տրամադրեց՝ գրավոր պատասխան ներկայացնելու նպատակով։

Այսքանով նիստը ավարտվեց, իսկ հաջորդը նշանակվեց հունիսի 12-ին։

***

2022-ի նոյեմբերին դատախազությունը հայտնեց, որ ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ «2002-2010-ի ընթացքում Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր»։

Դատախազությունը ներկայացրել էր նաև 24 անշարժ գույքի ցանկ։ Նշվում էր, որ «հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաև մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը»:

Exit mobile version