Դեռ 2011 թվականին լրատվամիջոցները տարածել էին լուր այն մասին, որ օգոստոսի 17-ին ոստիկանները Վահրամ Մարգարյանին ծեծելով տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, խոչընդոտել են, որ փաստաբանը հանդիպի կասկածյալ Մարգարյանի հետ: Վահրամը մեղադրվում է այն բանի համար, որ «գործով չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել եւ իր բնակության վայրում` Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակ եւ «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, նաեւ, Բորիս Հակոբյանի օժանդակությամբ եւ նրա տրամադրած հրազենի եւ ռազմամթերքի գործադրմամբ, 2011 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երեւանի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից:
Իսկ Բորիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել եւ իրեն պատկանող` Երեւանի Հակոբյանց փողոցի թիվ 43 հասցեում գտնվող տանը պահել «Մակարով» տեսակի ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9 միլիմետր տրամաչափի 11 փամփուշտ, ապա, Վահրամ Մարգարյանին վերոհիշյալ հրազենն ու ռազմամթերք հանդիսացող ութ փամփուշտներ տրամադրելով, օժանդակել է նրա կողմից Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուն»: Այս գործով մի քանի դատ անց է կացվել դռնփակ, սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցած դատը դռնբաց էր: Այդ ընթացքում պաշտպանյալի կողմից երկու վկա է հարցաքննվել: Գործով մյուս ամբաստանյալ Բորիս Հակոբյանի հարազատներից մեկը պատմել է, որ Բորիսն իրեն ասել է սպանությունը կատարելու մասին, որից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանություն և հանձնել զենքը:
Սակայն այս գործով միակ վկա Աշոտ Ֆրանգուլյանը պնդում է, որ սպանության մեջ մեղավոր է Վահրամ Մարգարյանը: Վահրամ Մարգարյանը չի ընդունում մեղադրանքը, Բորիս Հակոբյանն էլ պնդում է, որ սպանությունը կատարել է մենակ: Նույնիսկ մեղադրող կողմի վկաները իրենց ցուցմունքներում նշել են, որ Ֆրանգուլյանին դեպքի վայրում չեն տեսել:
Հիշեցնենք, որ Ֆրանգուլյանն այն նույն Ֆրանգուլյանն է, որի կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորվել էր «Հայկական ժամանակի» խմբագիր Հայկ Գևորգյանը, իբր Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու մեղադրանքով: Ի՞նչ կապ ունի Ֆրանգուլյանն այս գործի հետ, արդյո՞ք կրկին վկա է խաղում, հստակ չէ:
Կանդրադառնա՞ Գուրգեն Մարգարյանի դեպքի հետ կապված աղմուկը եղբոր դատավարության վրա՝ ևս պարզ չէ: