«Այս պահին Գյումրու ավագանին ոնց որ չկա, ոնց որ ֆիկցիա լինի: Ավագանու ինստիտուտը կարծես չի կայանում: Այսօր առաջադրվել է 71 ավագանի. կարծես առաջանում է խոսքի ազատություն, և ես կոչ եմ անում քաղաքացիներին անպայման ընտրություններին ակտիվորեն մասնակցեն, որ մենք կարողանանք կայացնել այդ ինստիտուտը գոնե Գյումրի քաղաքում: Թե չէ մարդիկ կշարունակեն մտնել ավագանի ինչ-որ շահադիտական նպատակներով` մի կտոր հող վերցելու կամ ինչ-որ նման բան»,- ասաց նա: Նա կցանկանար, որ ավագանու կազմում լինեն առավելապես իրեն ընդդիմադիր ուժեր, որպեսզի` որպես «հակակշիռ գործադիր մարմին», ապահովեն առավել արագ զարգացում:
Բալասանյանը նախատեսում է համացանցում ունենալ էջ, որտեղ կտեղադրվեն արվելիք գործերի նախագծերը և որի միջոցով կպահվի ինտերակտիվ կապ քաղաքացիների և կազմակերպությունների հետ: Նա անհրաժեշտ է համարում «մեկ պատուհանի» համակարգի ներդրումը` քաղաքացիների դիմումների պատասխանումը վերահսկելի դարձնելու և կոռուպցիան կրճատելու համար, նաև նախատեսում է առավել սերտորեն համագործակցել ուժային կառույցների հետ Գյումրու` «հրազենային-քրեական» համբավն ու մթնոլորտը փոխելու նպատակով:
«Եվ անպայման մենք պիտի այնպիսի ծրագիր կազմենք, որ բերի ներդրումների. դա մշտապես իմ խնդիրն է եղել և իմ խնդիրն է հիմա էլ: Քանի որ Գյումրին գտնվում է կենտրոնից 120կմ հեռավորության վրա և սեյսմիկ գոտում է, ներդրողները դժվար են հետաքրքրություն գտնում, իրենք շահույթ են փնտրում: Գյումրուն տրվեցին մի շարք արտոնություններ, սակայն էլի չեղան ներդրումներ. այստեղ պատճառը ոչ ճիշտ աշխատանքն էր»,- նշեց նա` հավաստելով, որ ճիշտ ռազմավարության դեպքում և ներդրումներ կլինեն, և կարճ ժամանակում հնարավոր կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ: