Քալանթարյանը նշել է, որ իրենք Հայաստան են բերում առաջավոր տեխնոլոգիաներ։ Ռուսաստանից ժամանած Անդրեյ Չիստովը ներկայացրել է «Էրիքսոնի» CoordCom համակարգը, որն, ըստ էության, կապի ու հաղորդակցություն բոլոր տեսակները միավորող հանգույց է։
«Այս համակարգը մշակվել է 27 տարի առաջ և կիրառվում է աշխարհի տարբեր զարգացած երկրներում` հիմնականում արտակարգ իրավիճակների, տրանսպորտային ցանցի և կարևոր օբյեկտների պաշտպանության համար։ CoordCom համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով որոշել ահազանգողի գտնվելու վայրը և ձայնագրում նրա հետ խոսակցությունը։ Զանգի ընթացքում օպերատորը կարող է միաժամանակ կապվել համապատասխան փորձագետի հետ ու ստանալ մասնագիտական խորհրդատվություն։ Եթե օպերատորը չի կարող տվյալ պահին զանգ ընդունել, այն ավտոմատ փոխանցվում է մյուս օպերատորներին։ Համակարգում կարող է տեղադրվել շվեդական ResQmap ինտերակտիվ քարտեզը, որը ցույց է տալիս դեպքի վայրին մոտ գտնվող ուժերի քանակն ու վիճակը, իսկ կառավարվող տեսախցիկների օգնությամբ կարելի է դեպքի վայրում գտնվող տեսախցիկը շարժել տարբեր ուղղություններով ու հետևել արձագանքման ընթացքին։ Տեսահսկողության ծառայությունը հնարավորություն ունի ճանաչել մարդկանց դեմքերը, տրանսպորտային միջոցն ու դրա պետհամարանիշը։ CoordCom համակարգը կառուցված է պարզ և մատչելի ծրագրային ապահովմամբ և համատեղելի է գրեթե բոլոր ծրագրերի ու կապի միջոցների հետ»,- ասել է նա։
Նշենք, որ այս համակարգով են աշխատում շվեդական «SOS Alarm» ընկերությունը, Իսպանիայի Վալենսիա քաղաքի, Ռումինիայի, Խորվաթիայի և Սլովակիայի արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունները, Մայամիի և Կոպենհագենի օդանավակայանները: