Site icon CIVILNET

«Սահմանադրական Արցախ» շարժումը Արցախի ընտրողների 1/3-ի պահանջն է

Սեպտեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել ժողով, որը հայտարարություն է ընդունել Արցախում նոր՝ «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժում սկսելու մասին: Շարժման նախաձեռնողները Վիտալի Բալասանյանն ու Մասիս Մայիլյանն են, որոնք Արցախի անցած և նախանցած նախագահական ընտրություններում ներկայիս նախագահ Բակո Սահակյանի հիմնական հակառակորդներն էին: Քաղաքացիական նոր շարժման մասին ՍիվիլՆեթը զրուցել է Մասիս Մայիլյանի հետ:

-Պարոն Մայիլյան, ինչո՞ւ քաղաքացիական շարժում և ոչ քաղաքական կուսակցություն:

-2007 և 2012 թվականներին նախագահական ընտրությունները, ինչպես նաև 2005թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեզ մոտ ստեղծվել և կատարելագործվում է Արցախի համար օտար, անօրինական մի մեխանիզմ, որը խոչընդոտում է քաղաքացիների ազատ կամարտահայտմանը: Սա մեր հասարակության համար լուրջ մարտահրավեր է, քանզի այս մեխանիզմի գործունեությունն ուղղված է հասարակությանը իր սահմանադրական գործառույթների իրագործումից օտարելուն: Արցախի քաղաքացիները, 2006թ. հանրաքվեով ընդունելով Սահմանադրություն, կնքել են հասարակական պայմանագիր: Պարզվում է՝ այդ պայմանագիրը խախտվում է, և քաղաքացիներն իրավունք ունեն վերականգնել սահմանադրական կարգը: Այդ իսկ պատճառով, միայն վերկուսակցական, քաղաքացիական շարժումը կարող է պայմաններ ստեղծել հասարակության համար՝ իրագործելու իր գլխավոր քաղաքական գործառույթը՝ պետական իշխանության ձևավորումը օրինական ընտրությունների ճանապարհով:

-Ութ տարի առաջ Արցախում ստեղծվեց «Շարժում 88»-ը, որը սկզբում բավական հաջողակ էր: Ինչո՞ւ չեք վերածնում այդ շարժումը՝ նոր շարժում ստեղծելու փոխարեն:

-«Շարժում 88»-ը քաղաքական կուսակցության անունն է, որը, ինչպես և մյուս կուսակցությունները, կարող են պայքարել իշխանության համար: Քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական շարժումների միջև կա մեկ սկզբունքային տարբերություն՝ իշխանության գալը չի մտնում քաղաքացիական շարժման խնդիրների մեջ: Ի դեպ, այդ մասին նշված է նաև «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման հայտարարության մեջ:

-Դուք ասում եք՝ իշխանության համար պայքարը «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նպատակների մեջ չի մտնում: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ քաղաքական կուսակցություն կամ շարժում չի ստեղծվելու՝ օգտագործելով այն ռեսուրսը, որ ուներ ընդդիմադիր թեկնածուն նախագահական վերջին ընտրություններում:

-Նոր կառույցի ստեղծումը, կարելի է ասել, Արցախի ընտրողների 1/3-ի պահանջն է, ընտրողներ, որոնք քվեարկել են նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի բարեփոխումների ծրագրի օգտին: Բայց որպեսզի հաջողության հասնենք և իրագործենք բարեփոխումները, հարկավոր է վերացնել հակօրինական և հակասահմանադրական արգելքները, որոնք ժողովրդին խանգարում են ընտրելու սեփական իշխանությունը:

-Ձեր հայտարարությունում որպես արատավոր երևույթ նշում եք Արցախում խոսքի ազատության և անկախ մամուլի բացակայությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը, արդյոք ստեղծելո՞ւ եք նոր լրատվամիջոց(ներ):

-Կարծում եմ՝ շարժումը Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի համախոհների հետ միասին կխթանի անկախ լրատվամիջոցների ստեղծումը: Բացի այդ, «Սահմանադրական Արցախը» պարտավորվել է քաղաքացիներին տեղեկացնել շարժման գործունեության և քայլերի մասին: Քաղաքացիական հասարակության համար անհրաժեշտ նախապայման է, որ քաղաքացիները տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենան:

Զրուցեց Լիլիթ Միքայելյանը

Exit mobile version