ՍիվիլՆեթին մեկնաբանելով կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգում ներկայում ստեղծված իրավիճակը՝ փոխնախարարը նշեց, որ այդ համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր, առկա է օրենսդրական դաշտ։ «Մարդիկ կամավոր կուտակային համակարգին դիմում են այն դեպքում, երբ նրանց տարեկան եկամուտը կազմում է $10-15 հազ., մինչդեռ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող տարեկան եկամուտը $3 հազ-ից ցածր է»,– ասաց փոխնախարարը:
Ըստ Արամյանի՝ կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման շուրջ դեռ բանակցություններ են ընթանում։ «Ֆոնդերի մասով երեք մեխանիզմ է աշխատում. կամավոր կենսաթոշակ, սահմանված կենսաթոշակներ և սահմանված վճարներ։ Սահմանված վճարները կապվում են ֆոնդերի հետ և ֆոնդերի կառավարիչների հետ»,– նշեց Արամյանը՝ մանրամասնելով, որ ֆոնդի կառավարիչները հակված չեն գալ Հայաստան և ծախսեր կատարել՝ 10 կամ 100 մլն միջոցներ կառավարելու համար:
«Երբ 2014-ից հետո ներդրվի պարտադիր կուտակային համակարգ, Հայաստանի տնտեսության մեջ միանգամից ՀՆԱ-ի մոտավորապես 1%-ի չափով՝ մոտ 40 մլրդ-ի խնայողություն կձևավորի: 40 մլրդ-ն արդեն լուրջ թիվ է, և այդ պայմանով նրանք հակված կլինեն համագործակցության»,– ասաց ֆինանսների փոխնախարարը՝ հավելելով, թե այս հարցի շուրջ արդեն նախնական պայմանավորվածություններ կան։ «Կարծում եմ՝ 2013թ. ընթացքում մենք արդեն կտեսնենք ակտիվների նոր կառավարիչների»,– նշեց Արամյանը:
Նշենք, որ չնայած կամավոր և պարտադիր կուտակային համակարգերի միջև առկա տարբերությունների՝ կամավոր համակարգի ներդրումը և մեկ օր շուտ գործարկումը հնարավորություն կտա վեր հանել խնդիրները ոլորտում, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Չափազանց կարևոր է, որ մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը (2014թ.) բացահայտվեն հնարավոր ռիսկերը, և առաջարկվեն լուծումներ։ Պարտադիր կուտակային համակարգը վերաբերում է հասարակության լայն զանգվածների, իսկ արդյունքները տեսանելի են լինելու միայն 30 տարի անց։ Սա նշանակում է, որ հիմքում թույլ տրված բացթողումները կբացահայտվեն միայն 30 տարի հետո:
Օվսաննա Գևորգյան