Site icon CIVILNET

Հռոմի պապն օրհնել է Հակոբ Մեղապարտի արձանի բացումը

Սեպտեմբերի 16-ին ավարտվել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի եռօրյա պաշտոնական այցը Լիբանան, հաղորդում է Aztag Daily-ն:

Այցի ընթացքում Հռոմի պապը հյուրընկալվել է նաև Զմմառի կաթոլիկ պատրիարքական միաբանության Աստվածամոր վերափոխման վանք, որտեղ ժամանել էր Միջին Արևելքի կաթոլիկ պատրիարքների և իր պատվիրակության, հայ կաթոլիկ հոգևորականների և հավատացյալների ուղեկցությամբ:

Պապն օրհնել է հայ առաջին տպագրիչ, հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նոր արձանը, որը կառուցվել է Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի առիթով:

Հանդիպումն ավարտվել է կաթոլիկ քահանայապետի պատգամով և օրհնությամբ: Պապը դիմել է Լիբանանի և Մերձավոր Արևելքի մուսուլմաններին և քրիստոնյաներին` կոչ անելով ապրել խաղաղությամբ և միմյանց վերաբերվել փոխադարձ հարգանքով ու սիրով:

Հատկանշական է, որ Հռոմի պապի այս այցը հայ կաթոլիկ համայնքի համար հատուկ նշանակության էր: Պապի այցի նպատակներից էր նաև Մերձավոր Արևելքում խաղաղ գոյակցության կոչը, որի արդյունքում այս այցը պատմության մեջ մտել է «Խաղաղության ուխտագնացություն» անվամբ:

Exit mobile version