Եվս մի սուր թեմա կլինի Իրանի (որի նկատմամբ սահմանված են միջազգային պատժամիջոցներ) միջուկային ծրագիրը։ Հիշեցնենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փորձում է մատչում ստանալ իրանական Փարչին միջուկային օբյեկտի նկատմամբ, որտեղ, ինչպես ենթադրվում է, իրականացվում են միջուկային զենքի նախագծման հետ կապ ունեցող սարքավորումների փորձարկումներ։ Սակայն Իրանը հերքում է այս մեղադրանքները՝ վստահեցնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։
Բացի այդ՝ հնարավոր է՝ այս նստաշրջանում թեժ բանավեճեր ծավալվեն Պաղեստինի Ինքնավարության՝ ՄԱԿ-ի անդամ դառնալու հայցի կապակցությամբ։
Ասամբլեայի նիստերը նախագահելու է Սերբիայի նախկին արտգործնախարար Վուկ Երեմիչը։
Նստաշրջանի բացումից մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 25-ին, կմեկնարկի Ընդհանուր բանավեճը, որի ընթացքում ելույթ են ունենում պետությունների, կառավարությունների ղեկավարները կամ արտգործնախարարները։
Սեպտեմբերի 28-ին ելույթ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իսկ հոկտեմբերի 1-ին` Ընդհանուր բանավեճի վերջին օրը, նախատեսված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը։
Ակնկալվում է՝ երկու երկրների արտգործնախարարները կխոսեն ղարաբաղյան գործընթացի մասին և հաշվի առնելով վերջին շաբաթների զարգացումները՝ Էդվարդ Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանում նրա հերոսացման հանգամանքին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և իրավաբանորեն պարտավորեցնող չեն։