Անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմին` խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: Նրանում մասնավորապես ասված է. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսևորումների ու բռնարարքների, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր: Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձեւավորմանը: Կրոնն ու հավատը չպետք է դառնան բռնության գործիք, «որովհետև Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կոր.14:3)»: