Site icon CIVILNET

Ճգնաժամը կրճատում է շահույթները Հին աշխարհում

Եվրոպական ընկերությունների շահութաբերությունը անդադար նվազում է, համեմատ ամերիկյան մրցակիցների՝ վկայում է միջազգային աուդիտորական Ernst&Young կազմակերպության ուսումնասիրությունը։ Եվրամիության տնտեսությունը չափազանց ամուր է կապված արդյունաբերության ոլորտի հետ, որը հատկապես խոցելի է ճգնաժամային փուլերում։

2012թ. առաջին կիսամյակում ամերիկյան 300 խոշորագույն ընկերությունները բարելավել են բիզնեսը, այն դեպքում, երբ եվրոպական առաջատար կոնցեռնները վիճակի վատթարացում են արձանագրել։ ԱՄՆ-ում խոշոր կորպորացիաների գործառնական շահույթն այս ընթացքում աճել է 1,8%-ով: Եվրոպայում նույն ժամանակահատվածում ցուցանիշը 4,4% անկում է գրանցել։

Եվրոպայի գործարար էլիտան ավելի դժվար է վերահսկում ծախքերը՝ թերագնահատելով ընկերությունների առջև ծառացող խնդիրները։ ԱՄՆ-ում բիզնեսի շահութաբերությունը (գործառնական շահույթի և հասույթի հարաբերակցությունը) միջինը 3 տոկոսային կետով գերազանցում է Եվրոպայի նույն ցուցանիշը և կազմում է 12,8%: Համեմատության համար. Մեծ Բրիտանիայում ցուցանիշը 11,5% է, Ֆրանսիայում՝ 8,2%, Գերմանիայում՝ 7,7%: Ընդ որում՝ անկում է արձանագրվում ամբողջ Եվրոպայում։

Եկամուտների ապահովման ամերիկյան մեքենան շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան եվրոպականը՝ անգամ տնտեսության առանձին ճյուղերի համեմատության դեպքում: Ընդ որում՝ շահութաբերության տարբերությունը պայմանավորված չէ տնտեսությունների կառուցվածքով: Այսպես՝ ԱՄՆ-ում ծանրության կենտրոնը բարձրտեխնոլոգիական սեկտորն է, մինչդեռ Եվրոպայում տնտեսությունը հենվում է արդյունաբերական ոլորտի վրա։

Ernst&Young-ի փորձագետների կարծիքով՝ եվրոպական մի շարք ընկերություններ խաղադրույք են կատարել տնտեսական աճի վրա՝ մոռանալով ապահովել սեփական բիզնեսի ճկունությունը, ինչը թույլ կտար օպերատիվ արձագանքել պահանջարկի անսպասելի փոփոխություններին։

Ըստ ուսումնասիրության հեղինակների՝ տնտեսական ճգնաժամը եվրոպական մի շարք ընկերություններում լուրջ խնդիրների է հանգեցրել։ «Թույլ շուկայի պայմաններում վաճառքների մեծ ծավալ կարող են ապահովել զեղչերը, ինչը, իր հերթին, բացասական ազդեցություն է ունենում շահութաբերության վրա: Գերմանական կոնցեռներն այսօր առավելագույն խնայողության են ձգտում՝ կրճատելով ծախսերը բոլոր ուղղություններով»,- նշվում է ուսումնասիրությունում:

Exit mobile version