Հիշեցնենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև հունիսի 21-ին Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի էր ունեցել միջադեպ. «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծի հետ կապված ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նրան էր մոտեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել պաստառը։ Պատգամավորի ուղեկիցը հրել-գցել էր Գասպարիին։ Վերջինս դիմել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարան` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա ուղեկցին՝ սահմանադրական կարգը խախտելու և խուլիգանության համար: Ակտիվիստի հայցը մերժվել էր: Դրանից հետո՝ օգոստոսի 27-ին, միջադեպի վերաբերյալ Գասպարին դիմում էր ներկայացրել ԱԺ Էթիկայի հանձնաժողով՝ նշելով. «Հայտնում եմ ս/թ հունիսի 21-ին՝ ժամը 09:35-ի սահմաններում, ՀՀ ԱԺ մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց) կանգնել էի՝ իմ ձեռքին ունենալով «Ռ. Հայրապետյան՝ Նեմեց, մարդասպան» կարգախոսը: Մինչ ժամը 10:00-ն որևէ միջադեպ տեղի չէր ունեցել մինչև ԱԺ եկավ պատգամավոր Ս. Ալեքսանյանը: Նա մոտեցավ իմ ձեռքից հափշտակեց իմ պաստառը, և այն տարավ հանձնեց մոտ 20 մետր հեռու կանգնած խմբված անձանց (երևի հանցագործության հետքերը տեղում չթողնելու համար): Միևնույն ժամանակ ինձ մոտեցավ հիշատակված ջահելներից մեկը և փորձեց ինձ հետ ընդհարվել, քաշքշուկ ստեղծել: Դրա համար սկսեց ինձ դիմահար հրել դեպի հետ և շարունակեց հրել այնքան մինչ ինձ տապալեց գետնին: Նշում եմ, որ ես ինչպես պատգամավոր Ալեքսանյանի, այնպես էլ նրան ընկերակցողի սադրիչ, խուլիգանական և բռնի գործողություններին բնավ չհակադրեցի»: