Site icon CIVILNET

Ամեն ռեժիմ Կիմ Չժե Գյու ունի

Վերջին շրջանում կոռուպցիայի, «ատկատների», արդարադատության վերաբերյալ ՀՀ նախագահի կողմից հնչող քննադատությունները ոչ միայն նախընտրական բեմականացումներ են, այլ նաև համակարգի անկարողությունը ի հայտ բերող երևույթ: Եթե դրանք տեղի ունենային տասը տարի առաջ, ազդեցությունը վստահաբար մեծ կլիներ: Այժմ, երբ իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը ծայրահեղ ցածր է, նման քայլերը բերում են երկրի առաջին դեմքերի է՛լ ավելի վարկաբեկմանը:

Կոռուպցիան հաղթահարելու ոչ միայն ցանկություն չի եղել վերջին տարիներին, այլև նոր թափով է շարունակվել ապօրինի մեխանիզմների մշակումը, ազգային հարստության հայտնվելը մի քանի հոգու ձեռքերում: Ռեժիմն այնքան հեռու է գնացել, որ փորձում է բիզնեսի բոլոր հնարավոր ձևերը կենտրոնացնել մի քանի ձեռքերում:

Պատմությանը հայտնի են կոռուպցիայի և ատկատի մեջ խրված ռեժիմներ, որոնք, սակայն, կարողացել են ապահովել իրենց տնտեսությունների աճը: Դա պայմանավորված է եղել բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, իշխանություն-բիզնես տարանջատմամբ, ինչը, սակայն, չի խանգարել ռեժիմներից դրամական հատկացումներ և շահույթի որոշակի տոկոս ընդունել տարբեր ֆիրմաներից: Նման վարք հիմնականում դրսևորել են ասիական վագրերը՝ ավտորիտար ռեժիմով և լիբերալ շուկայով փոխկապակցված և արագ զարգացում ապահոված այնպիսի ռեժիմներ, ինչպիսիք են Հարավային Կորեան կամ Թայվանը:

Սակայն նույնիսկ երկրի արագ զարգացումը, տնտեսական հզորությունը մխիթարանք չի եղել հայրենիքի ճակատագրով մտահոգ գործիչների համար: Կորեական հրաշքն ապահոված բռնապետ Պակ Չոն Հին սպանվեց Հարավային Կորեայի հետախուզական ծառայության տնօրեն Կիմ Չժե Գյուի կողմից: Վերջինս իր քայլն անվանեց հայրենասիրական, ինչը նպատակ է ունեցել վերացնել կոռուպցիան և հաստատել ժողովրդավարություն:

Կոռուպցիայի միջոցով հարստացած տարբեր ռեժիմների ճակատագրեր պակաս ողբերգական չեն եղել: Լավագույն դեպքում բռնապետների ու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սկսվում են քրեական գործեր հարուցվել, պաշտոնավարության ընթացքում վերջիններիս ձեռք բերած ամբողջ հարստությունը առգրավվում է, և իրենք էլ համալրում են բանտախցերը:

Ի՞նչ է լինելու հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք ոչ միայն կոռումպացված են, այլ նաև չեն կարողանում ապահովել երկրի տնտեսության զարգացումը, բարեկեցության որոշակի մակարդակ:

Կոռուպցիան իր ավերիչ ազդեցությունն է ունենում ոչ միայն տնտեսական դաշտի վրա (արտաքին ներդրումների կտրուկ նվազում, ազգային բիզնեսի փախուստ երկրից, տնտեսական աճի դանդաղում և այլն). կոռուպցիայի պատճառով լրջագույն վնաս է հասցվում իշխանության լեգիտիմությանը, ավելանում են կազմակերպված հանցագործությունները, հասարակությունը բարոյալքվում է, աճում է սոցիալական անհավասարությունը և այլ բացասական երևույթներ, որոնք կարելի է հանդիպել կոռուպցիան նկարագրող տարբեր դասագրքերում:

Ներկայիս անմխիթար վիճակը ավելի շատ պետք է անհանգստացնի ոչ թե հասարակության առողջ ուժերին, այլև կոռուպցիան ավելի խորացնող իշխանության վերին էշելոններին: Չէ՞ որ ամեն ռեժիմ իր մեջ Կիմ Չժե Գյու ունի:

Exit mobile version