Site icon CIVILNET

Կանխել պետական համակարգի դեգրադացիան

Յուրաքանչյուր իշխանություն այլասերվելու հակումներ ունի: Այդ հակումները կարելի է զսպել հակակշռող և վերահսկող հատուկ մեխանիզմներով: Հայաստանի նորանկախ պատմությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող կառավարման համակարգը խոչընդոտում է պետության զարգացման գործընթացին: «Ուժեղ» նախագահի ինստիտուտը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նպաստում է ավտորիտար արժեքների ամրապնդմանը: Նույնիսկ 2005թ. սահմանադրական փոփոխություններից հետո, որով նվազեցվեց նախագահի լիազորությունները, ոչինչ չփոխվեց: Նախագահը շարունակում է իր ձեռքում պահել իշխանության բոլոր լծակները, և այդ լծակները շատ հաճախ օգտագործվում են ոչ ի շահ պետության ու ազգի: Նախագահի ինստիտուտի գործունեությունը վերահսկող որևէ մեխանիզմ գոյություն չունի: Սա կանաչ լույս է վառում պետական համակարգի դեգրադացիայի համար, որին մենք ականատես ենք լինում:

Նախագահի ինստիտուտը, իր վրա վերցնելով հավելյալ կարգավորիչ և վերահսկիչ ֆունկցիաներ, ի վիճակի չէ արդյունավետ իրականացնել ո՛չ Սահմանադրությամբ իրեն վերագրված, ո՛չ էլ հավելյալ սեփականաշնորհված ֆունկցիաները:

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում պետական համակարգի դեգրադացիան ավելի ցայտուն է դառնում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրավապահներից մինչև կառավարության անդամներ իրենց գործառույթները իրականացնելու փոխարեն սպասում են նախագահի կողմից հատուկ հրահանգների, հասկանալով, որ այդ հրահանգի բացակայությունը լուրջ խոչընդոտ է իրենց գործունեության համար: Նախընտրական փիարի շրջանակներում Սերժ Սարգսյանի խորհրդակցությունները և քննադատությունը տարբեր ոլորտի ներկայացուցիչների հասցեին խոսում է այն մասին, որ նախագահի ինստիտուտը արդյունավետ չի աշխատում: Տպավորություն է ստեղծվում, որ պետական ապարատում աշխատում է միայն նախագահի ինստիտուտը, իսկ մյուս ինստիտուտները կա՛մ վատ են աշխատում, կա՛մ ընդհանրապես չեն աշխատում:

Իրականում այդ ինստիտուտները վերածվել են նախագահի ինստիտուտի կցորդների, որոնք գործում են ըստ քաղաքական նպատակահարմարության և նախագահի տրամադրության: Դատախազությունը, կառավարությունը կամ դատարանները Սերժ Սարգսյանի հրահանգով չէ, որ պետք է արդյունավետ աշխատեն: Իսկ քանի դեռ լուծված չէ նախագահի ինստիտուտին հակակշռելու և վերահսկելու մեխանիզմների խնդիրը, անկախ այն հանգամանքից՝ ովկլինի նախագահ, համակարգում էական բան չի փոխվելու: Որոշակի տարբերություններով՝ բոլոր երեք նախագահների ժամանակաշրջանում նկատվել են այս խնդիրները, իսկ տարբերությունները պայմանավորված են նախագահների անհատական հատկանիշներով: Չի կարելի, որ պետական որևէ ինստիտուտի արդյունավետություն բացառապես կախված լինի որևէ անհատի անհատական որակներից:

Նախագահի ինստիտուտի միահեծան իշխանությունը հակակշռելու համար իսկապես անհրաժեշտ է փոխել կառավարման ներկա համակարգը: Անցումը կառավարման խորհդրդանական համակարգին կարող է լինել պետական համակարգը դեգրադացիայից դուրս բերելու ճանապարհը:

Exit mobile version