Site icon CIVILNET

Վրացական ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցության պատգամավորները հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են աշխատանքը խորհրդարանում։ Ընդունված որոշումը արձագանք է Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեի ձերբակալությանն ու «Վրաստանի հանրային հեռուստատեսությունում» սկսված հարկային ստուգմանը, հաղորդում է civil.ge-ն։

Ներկայում արդեն ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության պատգամավորների բոյկոտի պատճառ են դարձել միանգամից մի քանի դեպք, որոնք Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները բացատրում են խիստ քաղաքական դրդապատճառներով։ Մասնավորապես՝ երեկ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ստուգում սկսեց «Վրաստանի հանրային հեռուստատեսությունում»։ ««Վրաստանի հանրային հեռուստատեսության» ընտրությունը տեղի է ունեցել՝ համապատասխան էլեկտրոնային ծրագրի, որն ինքն է ընտրում պետության առջև հարկային մեծ պարտքեր ունեցող կազմակերպությունը»,- հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին՝ հավելելով․ ««Վրաստանի հանրային հեռուստատեսության» հարկային պարտքը պետբյուջեի առջև 2010թ․ հոկտեմբերից մինչ այժմ կազմում է 3,8 մլն լարի ($2,3 մլն)»։ Միաժամանակ՝ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները վտսահ են՝ սկսված հարկային ստուգումը ոչ այլ ինչ է, քան լրտավամիջոցների վրա ճնշում գործադրելու փորձ։

«Ազգային միասնական շարժման» անդամների կարծիքով՝ անհանգստանալու ևս մեկ առիթ է Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեի ձերբակալությունը։ Նրան մեղադրել են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նշենք, որ Կալանդաձեի ձերբակալությունը հաջորդեց Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ներքին գործերի նախկին նախարար, Սաակաշվիլիի մերձավոր զինակիցներից մեկը համարվող Բաչո Ախալայայի ձերբակալությանը։

Exit mobile version