Site icon CIVILNET

Անտառահատման համար մեկ գիշերում ձերբակալվել է 55 անձ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ծավալուն գործողություններ են իրականացվել ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտման ուղղությամբ. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք է տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը բարձված է եղել տախտակով, երկուսը՝ ընկուզենու փայտով (որի մեկ խորանարդ մետրի շուկայական գինն, ի դեպ 300 հազար դրամ է), իսկ մնացածը՝ վառելափայտով: Մինչ այս գործողությունն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ հարյուր մեքենա, որոնք կներգրավվեն արդեն իսկ սկսված քննության ընթացքում:

Ստուգումներ են իրականացվել 18 փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններ, չորանոցներ և այլն:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցությամբ մի քանի ժամվա ընթացքում բերման է ենթարկվել 55 անձ, մեկը ձերբակալված է:

Գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են փաստաթղթեր, որոնք կամ կեղծ են, կամ ժամկետանց, հայտնաբերվել են հատումն արգելված ծառատեսակներ կտրելու դեպքեր, փաստաթղթում նշված և առկա փայտանյութի տեսականու անհամապատասխանութւթյան դեպքեր և այլն: Նշանակվել են տասնյակ մասնագիտական փորձաքննություններ:

Կատարվում են ստուգումներ, որոնց ընթացքում ոչ միայն վերջնականապես կճշտվեն անտառի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող վայ-ձեռնարկատերերը, այլև նրանց «տանիքները»:

Ոստիկանության թիրախը ո՛չ փայտ տեղափոխող վարորդն է, ոչ էլ փայտահատ գյուղացին: Մանավանդ, որ գյուղացին ապօրինության անհրաժեշտություն չունի. յուրաքանչյուր գյուղաբնակ ընտանիքի 8 խորանարդ մետր անվճար վառելափայտ է հատկացվում:

Մի փոքր թվաբանություն: Միայն Իջևանի շրջանում շուրջ հինգ տասնյակ փայտամշակման ձեռնարկություն է գործում: Ենթադրելի է, որ նույնքան էլ՝ անտառ ունեցող մյուս տարածաշրջաններում: Եվ այդ ձեռնարկություններն աշխատում են գիշեր-ցերեկ, քանի որ պատվիրատուներն ու «տանիքները» ոչ մի կերպ չեն հագենում, ինչը հղի է բնապահպանական աղետի հեռանկարով: Հետևաբար ոստիկանության գործողություններն այս ուղղությամբ շարունակական և ավելի ծավալուն են լինելու, որոնց մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը:
Exit mobile version