Site icon CIVILNET

Արտաքին պարտքի սպասարկման խնդիրը կառավարությանը ստիպել է գաղտնի «սեկվեստր» իրականացնել

Տարին մոտենում է ավարտին, իսկ գործադիրը դեռ $200 մլն նոր վարկային միջոցներ ներգրավելու խնդիր ունի՝ արտաքին պարտքը սպասարկել և բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորել կարողանալու համար։ Նման իրավիճակը կառավարությանը ստիպել է ինն ամիսներին բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարել Դ57,4 մլրդ-ով կամ մոտ $140 մլն-ով։

Ընթացիկ տարվա տասը ամիսներին Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելացել է 10,4%-ով՝ հոկտեմբերի վերջին կազմելով Դ1,758 տրլն. արտաքին պարտքն աճել է 10,4%-ով՝ կազմելով Դ1,592 տրլն, ներքին պարտքն ավելացել 11,24%-ով՝ մինչև Դ240,5 մլրդ։

Այս ընթացքում դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքի աճն ավելի համեստ է եղել՝ 5% (հոկտեմբերի վերջին կազմել է $4,335 մլրդ), արտաքին պարտքի ծավալն աճել է 4,9%-ով (կազմել է $3,742 մլրդ)։

Դրամային արտահայտությամբ պետական պարտքի աճի ավելի արագ տեմպը պայմանավորված է ազգային արժույթի արժեզրկմամբ։ Եթե անցած տարի պետական պարտքը հաշվարկվել է Դ385,77/$1 միջին փոխարժեքով, ապա այս տարվա տասը ամիսների համար միջին փոխարժեք է ընդունվել Դ405,57/$1-ը։

Չնայած դրամի արժեզրկումը հանգեցրել է պետական պարտքի բեռի ծանրացմանը, թույլ դրամն իրականում աշխատել է հօգուտ կառավարության։ Խնդիրն այն է, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանը ներգրավել է $297,4 մլն-ի միջոցներ, որից $249,4 մլն-ը եղել է կառավարության պարտքը, $48 մլն-ը՝ Կենտրոնական բանկինը։ Մյուս կողմից՝ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվել է $158,2 մլն, որից 120,6 մլն-ը՝ մայր գումարի մարմանը ($43,2 մլն-ը՝ կառավարության, $77,4 մլն-ը՝ ԿԲ պարտավորությունների մասով)։

Այս տարվա տասը ամիսներին արտաքին պարտքը սպասարկվել է նոր պարտավորությունների մի մասի հաշվին. մյուս մասն ուղղվել է դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Թույլ դրամը նպաստել է, որ արտաքին փոխառությունների հաշվին դեֆիցիտի ֆինանսավորմանն ավելի շատ գումար ուղղվի։ Հունվար-հոկտեմբերին դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվել է Դ99,23 մլրդ, որից Դ80,86 մլրդ-ը՝ արտաքին աղբյուրների հաշվին։ Դրամի 20 կետով արժեզրկման արդյունքում կառավարությունը կարողացել է արտաքին աղբյուրներից ստացած վարկային միջոցներից դեֆիցիտի ֆինանսավորմանը հավելյալ Դ4 մլրդ ուղղել։

Ընթացիկ տարվա համար պետբյուջեի դեֆիցիտը ծրագրված է Դ132,5 մլրդ-ի մակարդակում, ինչը նշանակում է, որ կառավարությունը տասը ամիսների կտրվածքով ֆինանսավորել է դեֆիցիտի ընդամենը 75%-ը։ Մնացած մասը պետք է ֆինանսավորվի ներքին և արտաքին պարտքի հաշվին, ընդ որում՝ Դ20 մլրդ-ը բաժին է ընկնելու արտաքին պարտքին։ Դեֆիցիտի ֆինանսավորման համար մոտ $50 մլն նոր վարկային միջոցներ ներգրավելուց բացի՝ տարեվերջի երկու ամիսներին կառավարությանն անհրաժեշտ է լինելու ևս $107 մլն ուղղել արտաքին պարտքի սպասարկմանը։

Այս տարվա ընթացքում ծրագրված է արտաքին աղբյուրներից ներգրավել $509 մլն-ի վարկային միջոցներ, իսկ արտաքին պետական պարտքի գծի սպասարկմանն ուղղել $265,3 մլն ($193,7 մլն՝ մայր գումարի մարմանը, մոտ $71,6 մլն՝ տոկոսավճարներին)։

Ըստ էության անհրաժեշտ ավելի քան $150 մլն-ից առայժմ հայտնի են մոտ $70 մլն վարկային միջոցների ներգրավման աղբյուրները. մասնավորապես՝ $52 մլն-ը դեկտեմբերին ակնկալվում է ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամից։ Մնացած $80 մլն-ի խնդիրը մնում է բաց։

Չի բացառվում, որ պարտքի սպասարկման շուրջ ստեղծված իրավիճակում գործադիրը հարկադրված լինի դիմել դեֆիցիտի կրճատման, բայց ոչ թե սեկվեստրի ճանապարհով, այլ պարզապես գերատեսչություններին «ներքին կարգով» ծախսերի կրճատում հրահանգելով։ Նման միտում կարծես արդեն առկա է։

Այսպես՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջեի եկամուտները կազմել են Դ666,4 մլրդ, ծախսերը՝ Դ660,2 մլրդ, որոնք համապատասխանաբար 101%-ով և 92%-ով ապահովել են կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Պարզ ասած՝ գործադիրը ծրագրել էր, որ հունվար-սեպտեմբերին պետբյուջեի հաշվին պետք է կատարվեր Դ717,6 մլրդ-ի ծախս, այնինչ գերատեսչությունները Դ57,4 մլրդ-ով քիչ ծախս են կատարել։

Ֆինանսների նախարարությունը, իհարկե, կարող է վստահեցնել, որ կատարել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմիններին՝ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Սակայն անհասկանալի է, թե ինչու պետական կառույցները, ստանալով անհրաժեշտ ֆինանսավորումը, չեն շտապել կատարել նախատեսված աշխատանքները՝ դրանով իսկ ապահովելով բյուջեի միջոցների տնտեսում։

Exit mobile version