Site icon CIVILNET

Տնտեսական աճն ու հարկերը հասել են նախարարություններ

Երեկ կառավարության նիստում տրանսպորտի և կապի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ Գագիկ Բեգլարյանն ու Արմեն Մովսիսյանը ներկայացրել են ոլորտային ընկերությունների հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվություններ։

Ըստ Արմեն Մովսիսյանի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը 2011թ. ինն ամիսներին կազմել է 5,5 մլրդ Կվտ/ժամ, այս տարվա ինն ամիսներին՝ 5,95 մլրդ Կվտ/ժամ։ Տարվա կտրվածքով կանխատեսվում է, որ արտադրության ծավալը անցած տարվա համեմատ կաճի 10,2%-ով՝ կազմելով 8,18 մլրդ Կվտ/ժամ։ Էլեկտրաէներգիայի ներքին սպառումը այս տարի կաճի 6,5%-ով և կկազմի 6 մլրդ Կվտ/ժամ, արտահանման աճը կլինի 17,9%՝ մինչև 1,8 մլրդ Կվտ/ժամ։ Այս տարի Ռուսաստանից և Իրանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը կաճի 20,9%-ով՝ կազմելով 2,5 մլրդ խմ, որից 2,3 մլրդ-ը կլինի իրացումը (աճը՝ 17,4%)։

Հաշվետվության համաձայն՝ ինն ամիսներին էներգետիկ ոլորտի ընկերությունների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալն ավելացել է 22,4%-ով՝ կազմելով Դ18,4 մլրդ։ Տարվա կտրվածքով կանխատեսվում է, որ վճարված հարկերի ծավալը կկազմի Դ22,56 մլրդ (աճը՝ 16,4%)։

Գազի համակարգի ընկերություններն ինը ամիսներին վճարել են մոտ ֌25 մլրդ-ի հարկ (աճը՝ 41,8%), տարվա կտրվածքով վճարվելիք հարկերի ծավալը կկազմի Դ33 մլրդ (աճը՝ 36,7%)։

Ուշագրավ է, որ էներգետիկ համակարգի ընկերությունների կողմից այս տարվա ինը ամիսներին վճարված պարտադիր սոցվճարների ծավալը կրճատվել է 0,8%-ով՝ կազմելով ֌3 մլրդ, այն դեպքում երբ ոլորտի աշխատակիցների թիվն ավելացել է 181-ով կամ 1,4%-ով։ Թե ինչով է պայմանավորված աշխատակիցների թվի ավելացման պայմաններում սոցվճարների կրճատումը, նախարարության հաշվետվությունում չի նշվում. այդ հարցին նիստում չանդրադարձավ նաև նախարարը։

Ներկայացնելով ընդերքօգտագործման ոլորտը՝ Մովսիսյանը նշեց, որ արդյունահանված հանքաքարի ծավալն այս տարի կազմել է 19 մլն տոննա (նախորդ տարվա համեմատ արդյունահանումն ավելացել է 36%-ով)։ 2011թ. ապրանքային արտադրանքը գումարային արտահայտությամբ կազմել է Դ135,9 մլրդ, այս տարի՝ Դ149 մլրդ, թեև իրացման ծավալները կրճատվել են 10%-ով։ Ըստ նախարարի՝ սա կապված է գների փոփոխության հետ, և տնտեսավարողները սպասում են ավելի լավ ժամանակների։

Մովսիսյանի խոսքով՝ այս տարվա ինն ամիսներին ընդերքօգտագործող ընկերությունները պետբյուջե են վճարել Դ22 մլրդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 6,5%-ով։ Նվազումը ունի օբյեկտիվ պատճառներ. մասնավորապես՝ պղնձի գները նվազել են 14%-ով, մոլիբդենինը՝ 26%-ով։ Չնայած այս հանգամանքին՝ նախարարությունում կանխատեսում են, որ տարվա կտրվածքով ոլորտի ընկերությունների կողմից պետբյուջե վճարվելիք գումարները կավելանան 4,3%-ով՝ կազմելով Դ34,4 մլրդ։

Մետաղների Լոնդոնի բորսայի (LME) գների շարքից երևում է, որ այս տարվա տասը ամիսներին պղնձի միջին գինը կազմել է $7954/1 տոննա, մոլիբդենինը՝ $28,25 հազ./1տոննա, այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում պղնձի միջին գինը $8466/1 տոննա էր, մոլիբդենինը՝ $34,3 հազ./1 տոննա։ Պղինձը, ըստ էության, միջինը էժանացել է 6%-ով, մոլիբդենը՝ 17,6%-ով։

Համաշխարհային շուկայում մետաղի գները դեռևս հեռու են այն մակարդակից (պղինձը՝ $4,5 հազ./1 տոննա), որի դեպքում հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում լուրջ խնդիրների է առերեսվում։ Սակայն հարկերի նվազումը ցույց է տալիս, որ գների անգամ չնչին տարբերության հետևանքով պետբյուջեն սկսում է վնասներ կրել։

Տրանսպորտը ստվերում
Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով տրանսպորտի և կապի նախարարության կողմից համակարգվող ոլորտի արդյունքները, նշեց, որ տրանսպորտի ոլորտում ցածր աշխատավարձերի պատճառով ցածր է մնում եկամտահարկի և սոցիալական ապահովության վճարների մակարդակը:

«Ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների՝ շահութահարկի գծով մուտքերը 2012թ. առաջին կիսամյակում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 42%-ով կամ ֌1 մլրդ-ով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ոլորտում նկատվում է նաև ծախսերի ավելացում, իսկ շրջանառության մի զգալի մասը դուրս է մնում հաշվառումից»,– ասաց Բեգլարյանը՝ առաջարկելով ուժեղացնել պետական հսկողությունը հարկային և աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:

Կապի ոլորտում, ըստ ՊԵԿ-ի տվյալների, 2011թ., 2010թ. համեմատությամբ, շահութաբերության մակարդակը նվազել է 5,5%-ով, որն արդյունք է ոչ թե եկամուտների նվազման, այլ «հայտարարագրված ծախսերի» չափի ավելացման: Սա վկայում է այն մասին, որ տվյալ շուկայում մրցակցության ուժեղացման պայմաններում ավելացել են մատուցվող ծառայությունների ծավալները և դրանց հետ կապված ծախսերը, իսկ սակագները նվազել են. արդյունքում հարկ վճարողները սկսել են աշխատել նվազ շահութաբերությամբ՝ ընդլայնելով ծառայությունների ծավալները։ 2012թ. ինը ամիսներին ոլորտի կողմից վճարված հարկերի ծավալն աճել է 12,5%-ով: Հոկտեմբերի 1-ի դրությամբ ոլորտի կազմակերպությունների գծով առկա են շուրջ Դ23,5 մլրդ-ի չափով հարկային պարտավորությունների առաջանցիկ վճարումներ:

Ըստ Բեգլարյանի՝ պետական նշանակության ճանապարհները որպես պետական սեփականություն գրանցելու դեպքում, որի համար համապատասխան բյուջետային հայտ է ներկայացվել ֆինանսների նախարարություն, հնարավորություն կընձեռվի պետական բյուջեն համալրել լրացուցիչ մուտքերով՝ տարածքների վարձավճարներից։ Ընդ որում՝ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում զգալիորեն կբարելավվեն սպասարկման ծառայությունները ճանապարհամերձ հատվածներում:

Exit mobile version