Site icon CIVILNET

Եղիցի նստավայր քո

Ամենայն հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրի համար կառավարությունը հրաժարվել է Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցումից։ Ասիական զարգացման բանկը «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» «Տրանշ-1»-ով պատրաստ էր հատկացնել մոտ $35 մլն-ի վարկային միջոցներ՝ «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի համար։ Այն նախատեսվում էր Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում, որտեղ այժմ կառուցվում է Կաթողիկոսի նստավայրը։

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանը «Օրակարգի» հարցին, թե որ փուլում է «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցման նախագիծը, բավական լակոնիկ պատասխան տվեց։ «Այդ հարցը քննարկվել է և գտնվում է քննարկման փուլում, բայց դրա վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել»,– ասաց նա։ Մետրոպոլիտենի տնօրենի նման պատասխանն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի հարցը մոռացության է մատնվել։

2009թ. հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանում ստորագրվել է քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի եռակողմ հուշագիր՝ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Առնո Դոֆինի, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի միջև: Տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրում ընդգրկված էր նաև «Երիտասարդական» կայարանի՝ Սայաթ-Նովայի պողոտայի կողմից նոր մուտքի կառուցումը և մետրոպոլիտենի ցանցի հետագա զարգացման ռազմավարության ուսումնասիրությունը։

Ուշագրավ է, որ մի քանի շաբաթ անց՝ հուլիսի 4-ին, այն տարածքում, որտեղ նախատեսված էր «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցումը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կատարեց երևանյան իր նստավայրի կառուցման տարածքի հողօրհնեքի արարողությունը։

Թեև արդեն պարզ էր, որ Կաթողիկոսի երևանյան նստավայրը և «Երիտասարդական» կայարանի նոր մուտքն անհամատեղելի են, Երևանի ավագանին 2009թ. դեկտեմբերին հաստատեց «Երևանի զարգացման 2010-2013 թթ. ծրագիրը», որում ամրագրված է. «Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցում Սայաթ-Նովայի պողոտայից (նախկին լեզվի ինստիտուտի մոտից)- մոտ $35 մլն՝ Ասիական զարգացման բանկ»։

Կաթողիկոսի երևանյան նստավայրի կառուցումը կառավարությանը ստիպել է մասնակի հրաժարվել ԱԶԲ վարկային միջոցներից։ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» «Տրանշ-1»-ով Ասիական բանկը Հայաստանին պատրաստ էր հատկացնել մոտ $80 մլն՝ Երևանը շրջանցող երեք ճանապարհային հանգույցների շինարարության և «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցման համար։ Կառավարությունը վերցրեց $48,64 մլն-ը՝ ճանապարհային երկու հանգույցների շինարարության համար (Արգավանդը Շիրակի փողոցին և Շիրակի փողոցը Արտաշատի խճուղուն կապող ճանապարհները)։ «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցումից բացի՝ կառավարությունը հրաժարվեց նաև Դավթաշենի կամուրջը Աշտարակի խճուղուն կապող ճանապարհի շինարարությունից։

Ի դեպ՝ երեկ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի ուղեկցությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն ու Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիստեան այցելել են Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ», «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններ՝ ծանոթանալով վերակառուցման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին:

Երևանի մետրոպոլիտենի լայնածավալ վերակառուցման և արդիականացման ծրագրի առաջին փուլով հատկացված €15 մլն միջոցներն ուղղվել են մետրոյի անվտանգության, կայուն զարգացման և էներգետիկ արդյունավետության բարձրացման միջոցառումներին (ՎԶԵԲ-ը և Եվրոպական ներդրումային բանկը հատկացրել են յուրաքանչյուրը €5 մլն-ի վարկային միջոցներ, ևս €5 մլն դրամաշնորհ տրամադրվել է ԵՄ Հարևանության ներդրումային ծրագրի շրջանակում)։ Այս տարվա օգոստոսին մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը՝ կրկին €15 մլն արժողությամբ։

Ըստ Յայլոյանի՝ ծրագրի առաջին փուլով արդիականացվել են բոլոր շարժակազմերը, իրականացվել են 35 կմ բարձավոլտ մալուխների փոխարինման աշխատանքներ, ներկայում իրականացվում են պոմպակայանների արդիականացման աշխատանքներ: Ծրագրի առաջին փուլում գումարների արդյունավետ օգտագործման և տնտեսման շնորհիվ հաջողվել է արդիականացնել տասը վագոն:

Exit mobile version