Site icon CIVILNET

Հայաստանը կարող է դառնալ Կովկասի Սիլիկոնյան հովիտը. Ադամ Շիֆ

Դեկտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Աշխատանքային այցի առաջին օրը կառավարության ղեկավարն այցելել է Կալիֆոռնիայի Տեխնոլոգիական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի նախագահ Ժան Լու Շամոյի հետ: Հանդիպանը վարչապետը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության որակի բարելավման, հայաստանյան բուհերի միջազգային հավատարմագրման առկա գործընթացները: Քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու այն ներուժին, որը տարեցտարի ոլորտը կապահովի աճով:

Հանդիպմանը ներկա Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ունի բավական ներուժ` դառնալու Կովկասի Սիլիկոնյան հովիտը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Կալիֆոռնիայի Տեխնոլոգիական hամալսարանի հայազգի շրջանավարտներին, ուսանողներին և ամերիկաբնակ հայ գիտնականների: Կառավարության ղեկավարը պատասխանել է նրանց և ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Անդրադարձ է կատարվել բնական և ճշգրիտ գիտությունների ոլորտներում առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Քննարկվել են հայագիտությանը, աստղագիտությանը, ֆիզիկային և մաթեմատիկային, հանրակրթական մանկավարժությանը վերաբերող հարցեր:

Տիգրան Սարգսյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հետաքրքիր հանդիպման համար և հորդորել է ամրապնդել կապերը հայրենիքի հետ, նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը:

Վարչապետի աշխատանքային այցն ԱՄՆ-ում կշարունակվի մինչ դեկտեմբերի 12-ը:

Exit mobile version