Site icon CIVILNET

Հայաստանի պետական երգչախումբը կներկայանա հոբելյանական համերգով

«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Համերգային ծրագրում կհնչեն՝ Կարա-Մուրզա «Լեպհո լե-լե», Կոմիտաս «Կուժն առա, գնա-գնա», «Ել-ել», Ա. Տիգրանյան «Անուշ» օպերայի նախերգանքը, Ռոսսինի «Վիլհելմ Թել» օպերայից հատված, Դևիս «The Wonders of this Hands», Բուրլեգ «Deep river», Պոլետտի «Les champs elyse`es», Չուխաջյան «Լեպլէպիճի» օպերայից հատվածներ, Բեթհովեն «Ֆանտազիա» դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Հախինյան «Սայաթ-Նովա» կանտատ:

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հ. Չեքիջյան, մենակատարներ՝ Արծվիկ Դեմուրչյան (սոպրանո), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Սոֆիա Բաղդասարյան (սոպրանո), Սարգիս Աղամալյան (տենոր), Պողոս Բիազբեկյան (բաս), Արամ Թուրաբյանը (կոնցերտմեյստեր):

Հայաստանի պետական երգչախումբը ստեղծվել է 1937 թվականին. 1961 թվականից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը: Հայաստանի պետական երգչախումբը ստեղծման օրից բարձր կատարողական վարպետությամբ է ներկայացրել իր երգացանկը՝ Կոմիտաս, Եկմալյան, Կարա-Մուրզա, Տիգրանյան, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ: Երգչախումբը ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում, իսկ հայրենիքից դուրս՝ 180 քաղաքում հանդես է եկել շուրջ 820 համերգով: Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր երգչախումբը 27 լեզուներով երգել է հայ և միջազգային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ: 1969 թվականից երգչախումբն ունի ակադեմիական կոչում, իսկ 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է:

Exit mobile version