Site icon CIVILNET

ՀԱԿ-ը՝ հակասական ժամանակներում

Հունվարի 16-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր:

Սպասվում էր, որ այդ նիստի ընթացքում ՀԱԿ-ի անդամ հանդիսացող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ներկայացնելու է Կոնգրեսի վերափոխման հետ կապված փաստաթուղթ: Սակայն, լրատվամիջոցների հաղորդմամբ, քաղխորհրդի նիստում այդպիսի փաստաթուղթ չի ներկայացվել:

Տպավորություն էր, որ նախագահական ընտրությունները բոյկոտելուց հետո Հայ ազգային կոնգրեսում առժամանակ կրքերը կհանդարտվեն, որոնք եռում էին իշխանության, այնուհետև ԲՀԿ-ի հետ երկխոսության ժամանակաշրջանում: Սակայն խմորումները Կոնգրեսի ներսում շարունակվում են ոչ պակաս հետևողականությամբ: Այժմ օրակարգում հայտնվել է ՀԱԿ-ի առողջացման ռազմավարությունը, որն ակտիվորեն լոբբինգ են անում դաշինքի անդամ այն կուսակցություններն ու գործիչները, որոնք չէին ընդունում Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը»: Ընդդիմացողների մի մասը նպատակահարմար համարեց ԲՀԿ-ՀԱԿ երկխոսության ընթացքում լքել Կոնգրեսը և հեռվից քննադատել այդ գործընթացը, մյուս մասը մնաց Կոնգրեսում և կոնգրեսական դիրքերից էր քննադատում:

Երկխոսության տապալումը և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու հանգամանքը Կոնգրեսի ներսում գտնվող «այլախոհներին» հիմք տվեց ավելի համարձակ գործելու: (Ի դեպ՝ նրանց մի մասը, անձնական կամ կուսակցական շահերից ելնելով, խուսափում էր հրապարակայնորեն քննադատել Տեր-Պետրոսյանի ռազմավարությունը):

Ներկայում ՀԱԿ-ի ներսում պայմանական բաժանում գոյություն ունի՝ մի կողմում Լևոն Տեր-Պետորսյանի հետևորդներն են, որոնք աներկբա ընդունում են առաջին նախագահի անսխալականությունը, մյուս կողմում՝ Տեր-Պետրոսյանի ռազմավարության քննադատները:
Տպավորություն է, որ առաջին նախագահի ընդդիմախոսները ինտենսիվորեն փորձում են ՀԱԿ-ի ներսում հեղաշրջում իրականացնել և, ինչպես իրենք են կարծում, Կոնգրեսին կանգնեցնել ճիշտ ճանապարհի վրա: Այս համատեքստում ամենևին էլ պատահական չեն Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակից և նրա «ժառանգորդ» դիտարկվող Լևոն Զուրաբյանի հրաժարականի կոչերը: Նման տրամադրությունների խորացմանը նպաստեց հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականությունը լքելու վերաբերյալ կանխատեսումները և որպես «ժառանգորդ» Լևոն Զուրաբյանի անվան շրջանառությունը: Փաստացի ՀԱԿ համակարգողի հրաժարական պահանջողներն անուղղակիորեն պահանջում են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

Սակայն արդյո՞ք հրաժարական պահանջողները հենց այն գործիչներն են, որոնք Կոնգրեսի տրանսֆորմացիայի միջոցով ընդունակ են ՀԱԿ-ին վերադարձնել համաժողովրդական շարժման հեղինակությունը:

Exit mobile version