Իր ընտրվելու դեպքում՝ Հայաստանը պետք է պրոռուսական քաղաքականություն վարի՝ ընտրելով «դարերով փորձված դաշնակցին», իսկ թե Արևմուտքի և թե Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ պահել հնարավոր չէ, քանի որ դա «բազմակնություն է հիշեցնում»: «Ռուսաստանի հետ ցամաքային կապ ստեղծելը ոչ մի դժվարություն չի ստեղծում, քանի որ մենք ունենք չվերցրած հողեր, օրինակ, Ադրբեջանում»,- ասաց նա:
Այս սկզբունքը դիտարկելով էպոսային տեսանկյունից՝ Սեդրակյանը հիշեցրեց, որ ռուսական էպոսի առանցքային կերպարի՝ հսկա դյուցազուն Սվյատագորի անունը նշանակում է Սուրբ Սար, ինչպես մեզանում՝ Սանասարի անունը, «այնպես որ դաշինքը, որ ուզում եմ ստեղծել, լինելու է գենետիկական դաշինք»:
«Գենետիկական դաշինքներից» հիշելով ֆաշիստական Գերմանիան՝ նա ասաց. «Ես ինձ չեմ համեմատում Ադոլֆ Հիտլերի հետ, նախևառաջ քանի որ ես դեռ ոչինչ չեմ արել»: Ըստ նրա՝ այսօրվա Հայաստանը հիշեցնում է ֆաշիստական Գերմանիան: «Այսօր մեր հասարակության մեջ մենք տեսնում ենք՝ ինչպես ժողովրդավարական հիմունքներով գալով իշխանության՝ այն վերածվում է բռնապետության: Ինչպես այն ժամանակ՝ այսօր էլ մեզ մոտ կան մանր-մունր կուսակցություններ, որ ոչինչ չեն որոշում»,- ասաց նա:
Սեդրակյանի բնորոշմամբ՝ էպոսը բացառապես հոգևոր արժեքներից կերտված համակարգ է, և անընդունելի է լիբերալ գաղափարախոսությունը: